Բաժիններ՝

Սիրիահայերը սկսում են իրենց փոքր բիզնեսները Հայաստանում (տեսանյութ)

Այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպել էր ցուցահանդես-տոնավաճառ, որի ժամանակ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները (ուտեստներ, զարդեր, պայուսակներ):

Հայկական կարմիր խաչի ընկերության տնօրեն Մխիթար Մնացականյանն ասաց, որ Կարմիր Խաչի առաքելության մեջ շատ կարևոր դերակատարում ունի մարդկային տառապանքների նվազեցումը. «Այն փաստը, որ, ցավոք սրտի, մեր հայրենակիցները Սիրիայից այսօր, ոչ իրենց կամքով, հայտնվել են հայրենիքում, մեզ մոտ արդեն դա մարդկային տառապանք է: Մեզանից ընդամենը հասնում է, որ մենք բոլորս (հասարակական կազմակերպությունները, կառավարությունը, բոլորս՝ ազգովի) կարողանանք աջակցել նրանց: Մեր հանդիպումների ժամանակ հաճախ մեր հայրենակիցները, շատ արժանապատիվ կեցվածք պահելով, ասում են` «մեզ մի օգնեք ապրանքով և սնունդով: Դուք տվեք համապատասխան գործիքները, մենք ինքներս կարողնանք ձեռք բերել մեր հանապազօրյա հացը»:

MHM87959 MHM87957

Եվ այս անգամ մենք արդեն ծրագրին որոշակի ընդարձակություն տվեցինք և փորձ արեցինք համապատասխան գործիքներ տրամադրել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք փոքր և միջին բիզնեսի սկզբնական քայլերը կատարեն: Նրանք, ովքեր կարողացել են իրենց ձեռքի աշխատանքը ներկայացնել, ովքեր իրենց հմտությունը կարողանում են տեղեկացնել մեր հասարակությանը, կարող են փորձել անգամ մեր շուկայում տեղ ունենալ»,- ասաց նա:

Սիրիահայերի խոսքով` իրենք դիմել են հայկական կարմիր խաչին և ամիսների ընթացքում ստացել տարբեր սարքավորումներ (ջեռոց, հարիչներ, կարի մեքենա և այլն), որոնց միջոցով նրանք պատրաստում են այն, ինչ կարողնում են և փորձում վաճառել: Որոշները Սիրիայում հենց այդ գործով էլ զբաղվել են. «Ես Սիրիայում էլ էի ոչ պետքական իրերից հետաքրքիր բաներ ստանում ու վաճառում: Օրինակ, այս ջինսե պայուսակները ես պատրաստել եմ արդեն ոչ պետքական ջինսից»,- նշեց տոնավաճառի մասնակիցներից մեկը»:

Որոշներն էլ թեև նախկինում չեն պատրաստել վաճառելու նպատակով, բայց, իրենց խոսքով՝ անփորձ չեն. «Մեր կանայք մեզ համար պատրաստելով են հմտացել», «Ես տանն եմ պատրասատել՝ ընտանիքիս համար: Ճիշտ է՝ վաճառելու նպատակով չեմ պատրաստել երբևէ, բայց ի՞նչ կա, կարող եմ և վաճառել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սիրիահայ մասնակիցներից մեկը, որն իր պատրաստած խմորեղենն էր վաճառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս