Ուկրաինայի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա չեն երևում ռուսական զորքեր. սահմանապահներ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության նախագահի օգնական Սերգեյ Աստախովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա չեն երևում ռուսական զորքեր:
Աստախովն ընդգծել է, որ սահմանային ծառայության թեթև շարժիչով, հատուկ տեխնիկայով հագեցած ինքնաթիռը երեկ ցերեկը և գիշերը հետազոտել է ռուս-ուկրաինական սահմանի 820 կիլոմետր երկարությամբ հատվածը և չի հայտնաբերել որևէ իրավախախտում, չի գրանցել սահմանին մոտեցող շարասյուններ:
Աստախովն ընդգծել է, որ սահմանից այն կողմ՝ 10 կիլոմետր հեռավորության վրա, չկան ռուսական զորքեր, իսկ թե ինչ է կատարվում սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, ապա այդ հարցին իրենք չէ, որ պետք է պատասխանեն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել են ռուսական զորքերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից: