Յագլանդին հանձնել են ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդն այսօր հանդիպել է քաղաքացիական հասարակության ակտիվիստների մեծ խմբի հետ:
Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը, քաղբանտարկյալների խնդիրները, ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը:
Յագլանդին փոխանցել են ադրբեջանցի այն քաղբանտարկյալների ցուցակը, որոնք ենթակա են անհապաղ ազատ արձակման: Խոսքը գնում է 30 մարդու մասին, որոնցից 18-ին Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Նրանց թվում են ընդգրկվել NIDA շարժման 8 ակտիվիստներ, REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուն, լրագրողներ Ավազ Զեյնալին, Հիլալ Մամեդովը և այլ լրագրողներ: Կան նաև բլոգերներ, իրավապաշտպաններ ու կրոնական գործիչներ:
Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն առաջարկել են վերանայել ևս 70 քաղբանտարկյալի գործեր: Նրանք ընդգծել են օրենքի գերակայության ու դատական իշխանության անկախության ապահովման կարևորությունը՝ գտնելով, որ հակառակ դեպքում քաղբանտարկյալների քանակը ոչ թե կնվազի, այլ՝ կաճի: