ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն է տարածել, որում նշված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ժակ Ֆորը Ֆրանսիայից և Ջեյմս Ուորլիքն ԱՄՆ-ից) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մայիսի 16-19-ին շրջել են տարածաշրջանում: Նրանց է միացել նաև դեսպան Պիեռ Անդրիեն, ով հունիսին ստանձնելու է ֆրանսիացի համանախագահի պաշտոնը:
Նրանց այցի հիմնական նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղում, Քարվաճառում ու Բերձորում առկա իրավիճակի դիտարկումը՝ համաձայն իրենց մանդատի: Այդ շրջաններում շրջելիս նրանք տեսել են ենթակառուցվածքների բարելավման նշաններ, սակայն չեն գտել որևէ ցուցիչ, որը կվկայեր, որ վերջին տարիներին փոխվել է բնակչության քանակը:
Նրանք այցելել են նաև Սարսանգի ջրամբար և վերջինիս ղեկավարության հետ քննարկել են դրա կարգավիճակն ու գործունեությունը: Նրանք հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կգան ջրային այդ պաշարների համատեղ օգտագործման հարցում՝ ելնելով տարածաշրջանի շահերից:
Մայիսի 19-ին համանախագահները Տերտերի մոտ հատել են շփման գիծը: Նրանք ափսոսանք են հայտնել հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների և դրա հետևանքով զոհերի գրանցման կապակցությամբ: Հրադադարի ռեժիմի այդ խախտումները հետաքննելու մեխանիզմի բացակայությունը կողմերին թույլ է տալիս մեղքը բարդել միմյանց վրա:
Այցի ընթացքում համանախագահները Երևանում ու Բաքվում հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ԼՂ-ի դե-ֆակտո իշխանությունների ու Քարվաճառի տեղական վարչակազմի ներկայացուցիչների հետ և այցելել են Բերձոր: Նրանք նաև Բաքվում հանդիպել են ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:
Իրենց հանդիպումներում նրանք քննարկել են խաղաղության գործընթացի տարրերը և ընդգծել են, որ ամուր կարգավորման հիմքում շարունակում են ընկած մնալ այդ տարրերը, որոնք 2009-2013 թվականներին ներկայացվել են համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում»: