
Իրաքի վարչապետը Չինաստանում Պուտինի հետ կքննարկի ռուսական զենք մատակարարելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին Չինաստանում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ Մալիքին հուսով է քննարկել զենքի մատակարարման նոր պայմանագրերի կնքման հարցը:
Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանում իշխող, Մալիքիի գլխավորած «Օրենքի պետություն» բլոկի պատգամավոր Մուհամմեդ ալ-Աքիլին: Նրա խոսքերով՝ Իրաքը կարիք ունի զենքի՝ ահաբեկչության դեմ պայքար մղելու համար: Ալ-Աքիլին ընդգծել է, որ Ռուսաստանին ու Իրաքին արդեն իսկ կապում է 4.3 միլիարդ դոլարի զենքի խոշոր պայմանագիր:
Իրաքի վարչապետը մտադիր է զենքի մատակարարաման թեման քննարկել նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ու Չինաստանի ղեկավարության հետ: Սրանից առաջ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ չինական այցի ընթացքում Պուտինը հանդիպումներ է ունենալու Իրաքի վարչապետի, Աֆղանստանի ու Մոնղոլիայի նախագահների հետ:
Պուտինն այսօր պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, ուր հանդիպելու է Չինաստանի առաջնորդի հետ, ինչպես նաև մասնակցելու է ասիական երկրների մասնակցությամբ CICA-ի գագաթաժողովին, որի շրջանակներում էլ ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ: