Սերգեյ Շոյգուն ռուսական զորքերին կարգադրել է լքել Ուկրաինայի սահմանը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի սահմանին կենտրոնացած ռուսական զորքերին հանձնել են մշտական կենտրոնակայաններ վերադառնալու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ավարտվել են վարժանքները, և զորքերը պետք է վերադառնան զորանոցներ: Վարժանքներին մասնակցել են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, ինժեներային, հետախուզական և այլ տիպի զորքեր:
Կրեմլի մամլո ծառայությունը երեկ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Ուկրաինային սահմանակից Ռոստովի, Բելգորոդի ու Բրյանսկի մարզերում վարժանքներին մասնակցող զորքերին հետ քաշվել իրենց մշտական կենտրոնակայաններ:
Դրանից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ իրենք չեն տեսել Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հետ քաշվելու որևէ ապացույց: