Կրակել է հանուն հայրենիքի

Անցած հանգստյան օրերին Երևանում տեղի է ունեցել երկու հնչեղ իրադարձություն: Մայիսի 17-ին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան «Վերնիսաժում» փոխհրաձգություն է կազմակերպել, ինչի հետևանքով վիրավորվել են 5 քաղաքացիներ, որոնցից մեկի վիճակը երեկվա դրությամբ շարունակում էր ծանր մնալ: Երեկ պատգամավորի դստեր ամուսինը մեղայականով ներկայացել է Ոստիկանություն: Հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, Երևանում փոքրաթիվ ակտիվիստներ անց են կացրել «No putinizm»՝ Ոչ պուտինիզմին խորագրով ակցիա, որի պահանջն է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին հայտնի հայտարարությունների համար անցանկալի անձ՝ «persona non grata» ճանաչելը և բողոքի ձայն բարձրացնելը՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը:

Երթի ընթացքում քաջարի ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 2 մասնակիցների: Ավելի ուշ նրանց բաց են թողել: Ի՞նչ կապ ունեն այս երկու իրադարձություններն իրար հետ: Ֆորմալ կապ, իհարկե, չկա, սակայն բովանդակային առումով դժվար է գտնել իրար հետ օրգանապես կապված երկու այլ իրադարձություններ: Բողոքի ակցիայի մասնակիցներին անհեթեթ պատճառաբանությամբ բերման ենթարկելով՝ ՀՀ իշխանությունը Պուտինին ցույց է տալիս, որ անգամ նրա անվան վանկարկումը Երևանում պատժվում է:

Դժվար է ասել՝ Պուտինը հետևո՞ւմ է ՀՀ Ոստիկանության ամփոփագրին կամ հայկական լրատվամիջոցներին, սակայն հասկանալի է՝ ՀՀ իշխանությունը հույս ունի, որ նրա հայասեր շրջապատում կգտնվի մեկը, ով տեղ կհասցնի, թե ինչպես են ռուսական ռազմակայանների տեղակայման երկրի մայրաքաղաքում պաշտպանում Պուտինի անունը դավադիր վանկարկումներից:

Իսկ Պուտինի տեղեկացված լինելը կարևոր է իշխանության համար. ոչ միայն համակարգային իմաստով, այլև իշխանությունը ներկայացնողների, նրանց հետ փոխկապակցված անձանց՝ հարսների, փեսաների, աներորդիների, վարորդների …իշխանական վերնախավի համար, մի խոսքով: Որովհետև միմիայն Պուտինի բարեհաճությունը վայելող երկրի վերնախավն իրավունք կարող է ունենալ ամենաթողություն հաստատել, կրակել, սպանել… ու մնալ անպատիժ: Որովհետև այս նույն կոնտինգենտն է Հայաստանում Պուտինի հենարանը, քանի որ Պուտինի հենարանն է այս կոնտինգենտի միջոցով իշխանության եկած ու պահպանվող ուժը: Եթե այս կոնտինգենտից որևէ մեկը պատժվի ընդամենը մի քանի կրակոցի համար, դա մեծ հարված կլինի ոչ այնքան օրենքի, օրինականության ինստիտուտներին, որքան Պուտինի հենարանին: Քանի որ մյուս պաշտպանողները կտեսնեն, թե ինչպես են իրենցից մեկին «փուռը տալիս», ու հաջորդ անգամ, երբ կարիք կլինի պաշտպանել պուտինիզմը, այսինքն՝ վերարտադրել իշխանությունը, նրանք դա կանեն պակաս խանդավառությամբ ու ինքնանվիրումով:

Հետևաբար՝ պետք չէ շատ լուրջ վերաբերվել երեկվանից պաշտոնական լրահոսով թմբկահարվող այն տեղեկությանը, թե Կարո Կարապետյանի փեսան ներկայացել է Ոստիկանություն: Հայ, վայ, արդարությունը կհաղթանակի: Կարելի է անգամ կարծել, թե այդ երիտասարդի եղբայրն էլ արդեն ազատման դիմում է գրել նախագահական նստավայրում զբաղեցրած պաշտոնից, եղբոր կնոջ հայրն էլ՝ Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Արդարադատության իմիտացիա, իհարկե, կլինի, սակայն ամեն ինչ քարոզչությամբ կավարտվի:

Չէ՞ որ, ամեն ինչից բացի, մեղայականով Ոստիկանություն ներկայացածն ունի նաև քաղաքական «արդարացում». նա մի ամբողջ ոչ իշխանական, հայ-հայ է, ընդդիմադիր, բայց առայժմ այլընտրանքային կուսակցության մի ամբողջ անդամի փեսա է: Հետևաբար՝ նրա նկատմամբ ազատազրկման ցանկացած դատավճիռ կարելի է որակել՝ որպես քաղաքական հետապնդում: Իսկ Հայաստանի իշխանությունը, ինչպես հայտնի է, իրեն չխնայելով՝ երկիրը զերծ է պահում քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից:

Այնպես որ, «Վերնիսաժի» հերոսի օր առաջ ազատ արձակումն ուղղակի կենսական հարց է Հայաստանի միջազգային հեղինակության համար: Չի կարելի թույլ տալ, որ ընդամենը 7-8 կրակոցի համար մարդն ազատազրկվի: Հատկապես, որ Հայաստանում ընդամենը վեց տարի առաջ մի քանի հարյուր կրակոցներ են հնչել, ինչի պատճառով 10 մարդ է զոհվել, սակայն որևէ մեկը չի ազատազրկվել: Ինչպես այդ անհայտ հրաձիգները, այնպես էլ՝ Կարո Կարապետյանի փեսան, այն ժամանակ և նախօրեին պաշտպանում էին Հայաստանում Պուտինի դիրքերը: Նրա անունը, ի դեպ, Գոռ Առաքելյան է: Պուտինը պարտավոր է ճանաչել իր հերոսներին:

 

Տեսանյութեր

Լրահոս