
ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը պետք է հետաքննեն Օդեսայի աղետը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դիմել է ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին՝ խնդրելով հասնել Օդեսայում տեղի ունեցած աղետի միջազգային հետաքննմանը. «Մենք հասնելու ենք նրան, որ հետաքննությունը լինի օբյեկտիվ, անկողմնակալ: Դրա համար այն պետք է պարտադիր լինի միջազգային:
Ես համապատասխան նամակ եմ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին, որպեսզի նրանք այդ իրավիճակը վերցնեն իրենց վերահսկողության տակ և հասնեն նրան, որ հետաքննությունն անցկացվի թափանցիկ՝ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո:
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի պատրաստած «ճանապարհային քարտեզը» նախատեսում է նաև հանցագործությունների մասին բոլոր հաղորդագրությունների հետաքննում»:
Մայիսի 2-ին «հակամայդանի» տասնյակ ակտիվիստները զոհվել են Օդեսայի Արհմիությունների տանը գրանցված հրդեհի ժամանակ: Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել է 214 մարդ: Որոշակի տվյալներով՝ ևս 48 մարդ համարվում է անհետ կորած, թեև ոստիկանությունը հերքում է դա: