
Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությանը միջամտելու փորձերը կձախողվեն. Ալի Հասանով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցը.
«Անցած 20 տարում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև մշտապես եղել են լավ հարաբերություններ: Այսօր երկու երկրների միջև կապերը բավակայան կայուն են, մի շարք ոլորտներում համագործակցությունը բարձրացել է ռազմավարական գործընկերության մակարդակի:
Ադրբեջանը՝ որպես գործընկեր, մշտապես պատասխանատվությամբ կատարել է ստանձնած միջազգային պարտավորությունները: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանն այնպիսի երկիր է, որը վարում է ոչ ոքից կախում չունեցող, բացարձակապես անկախ քաղաքականություն: Մեր երկիրն առանձնանում է միջազգային հարաբերությունների համակարգում իր տեղով ու դերակատարությամբ:
Կարծում եմ, որ լավ չէ, երբ ԱՄՆ-ը կամ մեկ այլ խոշոր պետություն կամ միջազգային կառույց այս կամ այն ձևով միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին կամ նրա արտաքին քաղաքականությանը՝ ձգտելով ղեկավարել այն, սովորեցնում է ժողովրդին, թե ինչպես պետք է ապրել: Կարծում եմ, որ այդ փորձերը կձախողվեն»: