
Լատվիայում մեկնարկել են երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի ազգային զինված ուժերն այսօր սկսել են Namejs-2014 զորավարժությունները, որոնք կհանդիսանան երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները: Այս մասին հայտնել է Լատվիայի զինված ուժերի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Namejs-2014 զորավարժությունները տևելու են մինչև մայիսի 27-ը: Զորավարժություններն անցկացվելու են ցամաքում, ծովում և օդում: Վերջին ավելի քան 20 տարվա խոշորագույն զորավարժություններին մասնակցելու է ավելի քան 2200 զինվորական ու աշխարհազորային:
Լատվիայի զինված ուժերի հրամանատար Ռայմոնդ Գրաուբեն ավելի վաղ հայտարարել էր, որ զորավարժությունների նախապատրաստությունը տևել է մոտ երկու տարի: Զորավարժությունների անցկացման նպատակը զորատեսակների հմտությունների ու նրանց փոխգործակցության ստուգումն է: