Մենք կողմնակից ենք, որպեսզի պարտադիրի բաղադիչը դուրս գա. Մհեր Շահգելդյան
Այսօր ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ունեցած իրենց դիրքորոշման մասին: Նա նշեց, որ վերջին ժամանակահատվածում իրենք շրջանառության մեջ են դրել մոտավորապես 10 օրենսդրական նախաձեռնություն, մինչ այդ ունեին 30-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերվում են մեր հասարակությանը հուզող բազմաթիվ հիմնախնդիրների, մասնավորապես, տնտեսական զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի աջակցությանը, սոցիալական պաշտպանությանը և այլն. «Մասնավորապես, մեր կողմից շրջանառության մեջ է դրվել կուտակային կենսաթոշակային հիմնադրամի օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախաձեռնությունը, որն ունի բազմաթիվ կետեր»:
ՕԵԿ-ի`Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությունը, կարծես թե, անտեսվեց ԱԺ-ում: Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում ՕԵԿ-ի դիրքորոշման անտեսմանը, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, և նախկինում էլ ենք գտել, որ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գործառնումը կարևոր է հասարակության մեջ` կենսաթոշակավորների հետագա ապահովման համար: Միաժամանակ, մենք նախկինում նաև ասել ենք, որ մարդիկ ցանկանում են նախևառաջ տեսնել, թե ինչպիսի երաշխիքhեր նրանք ունեն, և երկրորդ կարևորագույն խնդիրը, որ այստեղ պետք է լինի` պարտադիր-կամովինության էլեմենտը: Մեր մոտեցումը սա է: Այս խնդիրները, որոնք մենք այսօր ենք բարձրացնում, և այսօր արտացոլված են նաև մեր օրենսդրական նախաձեռնությունների մեջ, մենք բարձրացրել ենք ՕԵԿ-ի գրասենյակում ՀՀ-ի վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները: Այսինքն, մեր մոտեցումենրն այնպիսին են, ինչպիսին կան, և մենք այս տեսանկյունից նախկինում նաև ունեցել ենք այդ մոտեցումները»:
Նա նշեց, որ իրենք, մինչև ԱԺ վերջին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը բերելը, արդեն ներկայացրել էին կուտակային կենսաթոշակային հիմնադրամների մասին օրենսդրությունում փոփոխության նախագիծ. «Երբ կառավարությունը բերեց օրենքի նախագիծը, մենք արեցինք այս տրամաբանությանը և փիլիսոփայությանը համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, ցավոք սրտի, նախաձեռնությունը չանցավ: Մեր կարծիքով, սա ավելի շատ է համապատասխանում պարտադիրի բաղադրիչը կուտակային կեսաթոշակային համակարգից հանելուն: Մենք կողմնակից ենք, որպեսզի պարտադիրի բաղադիչը դուրս գա»:
Խոսելով անցած շաբաթվա ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ ընդունված այն օրենքի մասին, որով հատուկ պետական պաշտպանության անձերի ծախսերը լինելու են գաղտնի, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Կան, իհարկե, տեղեկատվություններ, ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, որոնք կարող են և պետք է լինեն գաղտնի: Բայց, տվյալ դեպքում, մենք գտնում ենք, որ գաղտնիության այդպիսի հրատապություն չկա»:
Անի Քեշիշյան