«Այդ գործարարը հենց տեղում պետք է կալանավորվեր». Գառնիկ Իսագուլյանը` վարչապետ-գործարարներ հանդիպման մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր հարկատուների միջև նախորդ շաբաթ կայացած հայտնի հանդիպմանը պետք է անմիջապես կալանավորվեր այն գործարարը, ով, ըստ մամուլի հրապարակումների, բոլորի ներկայությամբ հայտարարել է, թե ինքը կսկսի աշխատել օրենքի դաշտում, երբ բոլորն աշխատեն օրենքով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Գործարարների հետ հանդիպման մի էպիզոդ. տեղի է ունեցել հետևյալը` շատ ազդեցիկ գործարարներից մեկը վարչապետի և մի քանի հարյուր գործարարների ներկայությամբ հայտարարություն է անում, որ եթե բոլորն աշխատեն օրենքով, ես էլ կաշխատեմ օրենքով: Կարծում եմ` դրանից հետո անմիջապես պետք է հարուցվեր քրեական գործ, և այդ գործարարը հենց տեղում պետք է կալանավորվեր, որովհետև, ըստ էության, նա հայտարարում է, որ օրենքի դաշտում չի աշխատում: Եթե դրանից հետո շարունակվում է նիստը, ինչ-որ որոշումներ են կայացնում, սա արդեն ոչ թե օրենք է… Սա պետություն է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, թե ուզում է հավատալ, որ նոր կառավարությունն ունակ է բարեփոխումներ իրականացնել, սակայն եթե ժողովուրդն անմիջապես չզգա կառավարության փոփոխությունն իր առօրյա կյանքում, ապա այդ փոփոխությունը կրելու է ձևական բնույթ և երկարացնելու է իշխանության կյանքը. «Կային երևույթներ, որոնց կապակցությամբ, կարծում եմ, կառավարությունը առաջին իսկ շաբաթվա մեջ պետք է որոշումներ կայացներ և չեղյալ հայտարարեր նախորդ կառավարության որոշումները: Ամենապարզ օրինակները, որոնք այսօր ողջ հասարակությունը տեսնում է, «կարմիր գծերն» էին, որի նկատմամբ, ցավոք սրտի, ոչինչ չարվեց, դրանք արագաչափերն են, որոնք շատ անհրաժեշտ են»:
Իսկ նախկին քաղբանտարկյալ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը իր հերթին կարծիք հայտնեց, որ լավ կառավարման և ժողորդի հետ կապը պահպանելու համար քարոզչություն պետք է, այսինքն` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, սակայն քարոզչության տարրը չպետք է անցնի ամբոխահաճության սահմանը:
Ինչ վերաբերում է վարչապետ-գործարարներ հանդիպմանը, Արշակյանն ասաց, որ դա անհրաժեշտ էր՝ որպես նախազգուշացում և պրոֆիլակտիկ աշխատանք: