Բաժիններ՝

Զոքանչը փեսայի դեմ սուտ մատնություն անելով՝ չափազանցրել է իրականությունը. «Փաստինֆո»

Գյումրիի 51-ամյա բնակչուհի Ռոզան հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ սուտ մատնություն, որը զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով և դատապարտվել պայմանական ազատազրկման 6 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Ըստ մեղադրանքի, 51-ամյա կինը 2014թ. հունվարի 23-ին, ներկայանալով ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնին, հաղորդում է տվել, թե 2014թ. հունվարի 23-ին, ժամը 12:05-ի սահմաններում, դստեր՝ Արմինեի ամուսինը՝ Արթուրը, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ սպառնացել է խոհանոցային դանակով սպանել իրեն:

Այդ գործողությունը զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներով, այն է՝ ոստիկանությանը ներկայացնելով խոհանոցային դանակ, հայտարարել է, որ այդ դանակով է փեսան սպառնացել սպանել իրեն: Բացի այդ մատնացույց անելով բնակարանի զուգարանի դռան վրա նախկինում առաջացած ներհրված վնասվածքը հայտնել է, որ այն առաջացել է Արթուրի կողմից իրեն սպանության սպառնալիքից հետո զուգարանում թաքնվելու պատճառով նրա կողմից ձեռքով դռանը հարվածելու հետևանքով։

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ռոզան իրեն լիովին մեղավոր է ճանաչել և դատարանին ցուցմունք տվել, որ աղջիկն ամուսնացել է Երևան քաղաքի բնակիչ Արթուրի հետ, սակայն քանի որ վերջինս գործազուրկ է, չի կարողացել պահել իր ընտանիքը, ուստի ինքն է խնամել ոչ միայն դստերը, այլև վերջինիս մանկահասակ երեխաներին։

2014թ. հունվարի 23-ին` ժամը 12:05-ին, ինքը Արթուրին տվել է 1000 ՀՀ դրամ` խնդրելով գնալ խանութ` երեխայի համար կաթ և այլ սննդամթերք գնելու, սակայն Արթուրը ընդդիմացել է և պահանջել, որ Արմինեն գնա, որի պատճառով վերջիններիս միջև առաջացել է վիճաբանություն։

Ինքը հանգստացրել է դստերն ու փեսային, այնուհետև, ցանկանալով վերջ դնել Արթուրի հրահրած վիճաբանություններին, զանգահարել է ոստիկանություն և իրականությունը չափազանցնելով հայտնել, որ Արթուր Գրիգորյանը խոհանոցային դանակով սպառնացել է սպանել իրեն և ինքը վախենալով վերջինիցս, թաքնվել է զուգարանում։

Ամբաստանյալն ընդունել է, որ ինքը կեղծ հաղորդում է տվել, սակայն հետագայում գիտակցելով իր կատարած սխալը, զղջալով, որ անհիմն մեղադրել է Արթուրին, դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ 2014թ. հունվարի 23-ին կատարել է սուտ մատնություն, և որ իր տված հաղորդումը իրականությանը չի համապատասխանել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս