Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձն անցյալին ահնարին է. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, տեղեկացնում է Նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ եւ արդյունավետ աշխատանքի համար` ամենայն բարիք մաղթելով նրան:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է: Անդրադարձ է կատարվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: