Ղարաբաղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ցույցով են դիմավորել

Քաշաթաղի շրջանի բնակիչները մայիսի 17-ին փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճանապարհը` նրանց դիմավորելով բողոքի ցույցով, հաղորդում է REGNUM գործակալությունը:

Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) դուրս են եկել մեքենաներից ու խոսել ցուցարարների հետ: Նրանց հետ են եղել նաեւ Պիեր Անդիոն` ԵԱՀԿ ՄԽ ապագա ֆրանսիացի համանախագահն ու Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Ակցիայի ժամանակ ցուցարարներն իրենց վրդովմունքն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջերս հրապարակված համատեղ հայտարարության վերաբերյալ: Նրանք նաեւ վրդովված են եղել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությամբ, որում նշված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման «6 սկզբունքներ»:

«Իմ հայտարարությունն ընդհանուր առմամբ համընկնում է հրադադարի 20-ամյակի առիթով արված` համանախագահների հայատարարության հետ»,-ակցայի մասնակիցներին ասել է Ուորլիքը: Ղարաբաղի բնակիչներին մասնավորապես դուր չի եկել Լեռնային Ղարաբաղի «հարակից տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու» համանախագահի հայտարարությունը: Բնակիչների հետ զրույցի ժամանակ համանախագահը, չներկայացնելով մանրամասներ, նշել է, որ «բանակցությունները շարունակվում են»:

Միջնորդներն այնուհետեւ Քաշաթաղի շրջանում դռնփակ հանդիպում են ունեցել շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Այսօր նրանք կհանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս