Բաժիններ՝

Երեւան քաղաքի պատմության թանգարանը բաց կլինի մինչեւ կեսգիշեր

«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կհյուրընկալի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։

Թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանային գործիչներին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել մեր պետության համար անչափ կարևոր պատմական-ճանաչողական այդ առաքելությունը նվիրումով կատարելու համար։

«Ուրախալի է, որ շուրջ 10 տարի է Երևանում ավանդույթ է դարձել «Թանգարանների գիշեր» միջոցառումը, այն էլ՝ այսչափ ակտիվ մասնակցությամբ։ Իսկապես, գիշերային մթնոլորտը թանգարանում բոլորովին այլ է։ Երևանի թանգարանները կիրառում են ճկուն մոտեցումներ, բազմաթիվ են նորարարական ծրագրերը, ինչին այսօր ականատես կլինեք նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը և հրավիրել ներկաներին դիտելու «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան և «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» տեսաշարը։

Ի դեպ, 17-19-րդ դարերի Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան այսուհետ, որպես նորարարություն, ընդգրկվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկա «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, օգտվելով առիթից, Արամ Սուքիասյանին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում իրենց գորգերի պատմությունը ներկայացող ցուցահանդեսի կազմակերպմանն արագ արձագանքելու և աջակցելու համար ու, ի նշան երախտագիտության, գորգերի ցուցադրության օրերին գործված զինանշանակիր երկու գորգերից մեկը նվիրել է Երևանի քաղաքապետարանին, երկրորդը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանին։

Այնուհետ, Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, դիտել եռաչափ անիմացիաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս