
ԵԽԽՎ-ի համազեկուցողներն Ադրբեջան կժամանեն հաջորդ շաբաթ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) և Ջոզեֆ Դեբոնո Գրեշը (Մալթա) մայիսի 19-21-ին այցելելու են Ադրբեջան, ուր և մոնիթորինգի են ենթարկելու Եվրոպայի Խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:
Այս մասին հայտնել է Եվրոպայի Խորհրդի մամուլի ծառայությունը: Պլանավորված է, որ համազեկուցողները Բաքվում հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի, արադարադատության ու ներքին գործերի նախարարների, գլխավոր դատախազի հետ:
Պլանավորված են նաև հանդիպումներ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, Գերագույն դատարանի ղեկավարի ու ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հետ:
Մայիսի 21-23-ին Բաքու է այցելելու նաև Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը: