«Վաղ թե ուշ ժողովրդավարական զարգացում տեղի կուենա նաև Հայաստանում». Եվգենի Կիսելյով. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Կիևում բնակվող ռուս հայտնի լրագրող, քաղաքական վերլուծաբան, НТВ հեռուստատեսության նախկին ղեկավար, «Մոսկովյան լուրերի» գլխավոր խմբագիր Եվգենի Կիսելյովը։
– Պարոն Կիսելյով, Ուկրաինայում տեղի ունեցածը կարծես բացահայտեց ԽՍՀՄ փլուզումից հետո հետսովետական տարածքում ոչ ամբողջապես ներդրված լիբերալ արժեքների սնանկությունը։ 90-ական թվականների սկզբին Ռուսաստանում, Հայաստանում անկախության շունչը, զարգացման ցանկությունը զգալի էր, բայց ի վերջո իշխանություն, ռեսուրսներ պահելու մղումը, կոռուպցիոն լծակներին տիրապետելու գայթակղությունը շատ ավելի որոշիչ գտնվեցին։ Ինչո՞ւ ենք մենք այսօր հետսովետական տարածքում լիբերալ արժեքների պարտության ականատեսը դառնում, ինչո՞ւ 90-ականների սկզբի զարգացումը կանգ առավ և սկսվեց հակառակ գործընթացը։
– Ես ամեն հարցում չէի համաձայնի ձեզ հետ։ Տարբեր երկրներում լիբերալ ժողովրդավարական զարգացումը՝ այս կամ այն մոդելով, բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Եվրոպայում, որը վերջերս ավելի հաճախ անվանում ենք Կենտրոնական՝ Չեխիայում, Սլովակիայում, Լեհաստանում և այլ այն երկրներում, որոնք նախկինում դասվում էին սոցիալիստական ճամբարին։ Այդ մոդելները ինչ-որ տեղ բավականին հաջողակ դուրս եկան, եթե վերցնենք բալթյան երկրները, Լատվիան, էստոնիան։
Այս մոդելով սկսեցին հաջողակ կերպով զարգանալՄոլդովայում, եղան հաջողություններ Վրաստանում Սահակաշվիլիի օրոք, թեև այս երկրում իրադարձությունների հետագա զարգացումը, իմ կարծիքով, ապացուցեց և հաստատեց այն, որ այնտեղ ամեն ինչ արվում էր ճիշտ, քանի որ «Վրացական երազանք» կոալիցիան, որը որոշակի փուլում հայտնվեց ավելի ուժեղ դիրքում և հաղթեց խորհրդարանական, նախագահական ընտրություններում, հիմա ամեն ինչ տանում է դեպի փակուղի։ Վրաստանում միայն ալարկոտները չեն խոսի այն մասին, որ վրացական երազողներն իրենց խոստումները չկատարեցին, և երկիրը շատ սահուն կերպով գնում է դեպի այն լճացում, որը կար «Վարդերի հեղափոխությունից» առաջ։
Ես չեմ զարմանա, եթե հաջորդ ընտրություններին ավելի արևմտամետ գործիչները,- ինչպիսի վերաբերմունք էլ ունենանք Սահակաշվիլիի նկատմամբ՝ իրականում ինքն էր այդ կուրսի մարմնացումը,- վերադառնան իշխանության։
Եթե խոսենք Կիևի մասին, ապա ի վերջո՝ զանգվածների ապստամբությունը Յանուկովիչի ռեժիմի դեմ, հաշվի առնելով այն, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պարզ չէ, ամեն դեպքում դա լիբերալ գաղափարի հաղթանակ էր։
Վերջնարդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց հանուն լիբերալ արժեքների ազատության, կոռուպցիայի վերացման և այն բացասական երևույթների, որոնց մասին դուք բավականին համոզիչ կերպով ասացիք։ Ուստի ես հավասարության նշաններ չէին դնի բոլոր երկրների միջև, քանի որ Հայաստանում մի իրավիճակ է, Աղրբեջանում մեկ այլ, Վրաստանում՝ մեկ այլ, Մոլդովայում՝ մեկ այլ։
Մոլդովայում շատ երկար ժամանակ բարեփոխումներ տեղի չէին ունենում, իրականում իշխանության գլխին պահպանվում էր կոմունիստական կուսակցությունդ և ի վերջո՝ իշխանություններին հայտնվեցին լիբերալները, բավականին ակտիվ հասարակության աջակցությամբ։
Ես կարծում եմ, որ հետսովետական տարածքում ապրողներս բավականին ծանր ժառանգություն ենք կրում անցյալից։ Սովետական իշխանության ողջ ժամանակաշրջանը չափազանց վատ, երկարաժամկետ ազդեցություն է թողել մարդկային բնույթի, հասարակական հոգեբանության վրա, մարդկանց մենթալիտետի վրա։
Մեծաթիվ մարդիկ կան, որոնք սովորել են ապրել պատերնալիզմի օրենքների համաձայն, որոնք հետ են սովորել պատասխանատու լինել իրենց կյանքի և ապագայի համար։ Շատ մարդիկ նախընտրում են ձուկը և ոչ թե կարթը, որով կբռնեն ձուկը, սա այն քաղաքականության հետևանքն է, որն իրականացվել է տասնյակ տարիների ընթացքում։
Եթե վերցնենք առանձին երկրներին, որոնք ճակատագրի բերմամբ հարուստ են էներգակիրներով՝ Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, երբ նստած ես այդ խողովակի վրա, երբ կան գումարով լի արկղիկներ, որոնց պարունակությունը ժամանակ առ ժամանակ կարելի է բաժանել հասարակությանը որևէ բանի փոխարեն, պայմանականորեն ասած՝ լոյալության, քաղաքական պասիվության, այսինքն՝ մեզ պետք չէ ազատություն, տվեք մեզ կայունություն։
Իհարկե, սա իր ազդեցությունն ունենում է։ Երբ մենք խոսում ենք Եվրոպայի մասին, երբ մենք հետևում ենք այս կամ այն երկրի հաջողություններին, ապա մենք մոռանում ենք, որ ներկայիս բարօրությանը, հումանիտար, լիբերալ ար֊ ժեքների ներկայիս հաղթանակին այդ երկրները հասել են հարյուրամյակներով, և այդ ճանապարհը շատ հաճախ եղել է արյունով շաղախված, այդ թվում՝ հենց վերջերս։
– Այսօր, ինչպես երբևէ, եվրոպական արժեքներին ձգտող հետսովեկան տարածքի երկրների գործիչները, հասարակությունները հասկանում են անկախության իրական գինը, քանի որ ինչպես հեշտությամբ ձեռք բերեցինք անկախությունը, այնպես էլ հեշտությամբ այն կորցնում ենք, վերստին անկախության պայքարի հարցն է բարձրացել։ Ու այնպես է ստացվել, որ այդ անկախության առաջին սպառնալիքը, երկրների տարածքային ամբողջականությունը խախտողը Ռուսաստանն է, և պայքարի հիմնական թիրախը պետք է լինի իմպերիալիստական Ռուսաստանը։ Ինչպե՞ս է պետք պայքարել այս Ռուսաստանի դեմ կամ միգուցե խնդիրը էլիտաների որակի՞մեջ է։
– Ես կտարանջատեի Ռուսաստանը, ռուս ժողովրդին և Ռուսաստանում իշխող ռեժիմը։ Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր ասում են, թե ՌԴ-ում ներկայումս իշխող ռեժիմը չի հասկանում, թե ինչ է անում։ Նա դառնում է միջազգային խաղաղության ամենագլխավոր սպառնալիքը։ Կարելի է երկար վիճել, թե ինչն է այդ ռեժիմի ղեկավար Պուտինի գլխավոր նպատակը։
Ոմանք ասում են, թե նա ապրում է մեկ այլ հարթությունում, մյուսները պնդում են, թե խելքը թռցրել է, ոմանք էլ ասում են, թե նա գործում է շատ պրագմատիկ կերպով՝ հասկանալով, որ իրեն անհրաժեշտ է ինչ-որ կերպ պահպանել իշխանությունը, մնալ իշխանության գլխին և բացատրել ընտրողներին, քաղաքացիներին, թե ինչու է տնտեսությունը ժամանակի ընթացքում հայտնվում ավելի ու ավելի վատ վիճակում։
Տնտեսական դժվարություններ յուրաքանչյուր երկիր ունենում է, բայց մարդկանց դա պետք է բացատրել, իսկ Պուտինի քաղաքականությունը կառուցված է եղել մշտական տնտեսական աճի վրա, որն իր հերթին գոյացել է էներգակիրների բարձրացող գներից, որոնք թույլ են տվել փոխհատուցել խորը ենթակառուցվածքային ինստիտուցիոնալ և այլ վաղուց հասունացած բարեփոխումների բացակայաթյունը։
Արդյունքում կառուցվել է ռուսական անշրջելի կապիտալիզմ, որտեղ որևէ տեղ չի մնում մանր ու միջին բիզնեսի, նախաձեռնությունների համար, չկան քաղաքական և անձնական ազատություններ։ Այսպիսի իրավիճակում, երբ տնտեսական աճը կանգնում է հանկարծակիորեն, պետք է ինչ-որ բան ներկայացնել։
Պուտինը, հնարավոր է, պրագմատիկ կերպով առաջարկում է սրել միջազգային իրավիճակը, պատերազմն ամեն ինչ կվերացնի։ Պուտինը գիտակցաբար գնալով ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ արտաքին հարաբերությունների սրացման, փորձում է երկիրը վերածել կիսապատերազմական ճամբարի, որտեղ ամեն ինչ կարող է մարսել և հաջողել։ Ես չեմ կարող բարձրացնել նրա գլխի կափարիչը և տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում։
Արդեն երկար տարիներ կրեմլյան քաղաքականությունը սև արկղիկ է, որտեղ հնարավոր չէ նայել դատել, թե ինչ է կատարվել Կրեմլում և Պուտինի գլխում՝ կարելի է միայն, երբ կլինեն որոշումներ և այլն։ Ամեն դեպքում, ինչ գործընթացներ էլ, որ գնային կրեմլյան սև արկղիկում, ինչ նպատակներ էլ, որ դրվեն Պուտինի կողմից, պարզ է, որ նա հիմա շախմատիստ խաղը մի կողմ է թողնում, քայլերը մի կողմ է թողնում և շախմատի տախտակը խփում է հակառակորդի գլխին՝ խախտելով միջազգային անվտանգության այն համակարգը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի հիման վրա ձևավորվել է ժամանակակից աշխարհը։
– Պարոն Կիսելյով, 1999թ.Հայաստանում ողբերգական հոկտեմբեք 27-ից հետո, որի ժամանակ գլխատվեց ժամանակի հայ քաղաքական էլիտան, իշխանության եկավ մի էլիտա, որի որակը նախագահների փոփոխությամբ չի փոխվում, և ընհանրապես հայաստանյան քաղաքական դաշտն է ռուսամետ։ Ինչպե՞ս պետք է լիբերալ ուժերը պայքարեն այս ռուսական, կոռուպցիոն էլիտարների դեմ՝ ապահովելով ժողովրդավարությունը, հետևաբար իշխանության փոփոխությունը, որը զարգացման գրավականն է։
– Ես այնքան էլ ուշադիր չեմ հետևում հայաստանյան արտաքին քաղաքական զարգացումներին, որպեսզի ճիշտ մեկնաբանեմ այն։ Ես գիտեմ, որ լիբերալ կամ ընդդիմադիր գործիչները սովորաբար ինչ-որ տեղ ազատ են գործում, ուստի ճիշտ չի լինի, որ ես խորհուրդներ տամ։ Փոփոխություններին պետք է հասնել, երբ գալիս է դրանց ժամանակը, այսինքն՝ դրանք պետք է հասունան։
Այդ գործընթացներն արագացնելու փորձերը սովորաբար ավարտվում են նրանով, որ, գալիս են էլ ավելի ծանր ժամանակներ, ավելի կտրուկ ճնշումներ ու ռեպրեսիաներ։ Մնացածը քաղաքական գործիչների գործն է, նրանք պետք է բռնեն այդ պահը, երբ պարզ կլինի, որ երկրռւմ հասունացել է հեղափոխական իրավիճակ։
Երբ քաղաքական ողջ դաշտը սպառում է իր ռեսուրսները, չկա ինտելեկտուալ ներուժ, չկա միջազգային աջակցություն, իսկ բնակչությունը փոփոխություն է ցանկանում։ Ընդդիմադիր գործիչները պետք է երկրում հեղափոխական իրավիճակը բռնեն, ընկալեն։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում ակնհայտ հետընթացներ կան, թշնամական միջավայր, ոչ այնքան բարեկամական հարևանություն, ԼՂ հակամարտություն, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության ուղիների, տնտեսական ու բնական ռեսուրսների բացակայություն, կախվածություն ՌԴ-ից այն հարցերում, ինչպիսիք են արտաքին անվտանգություն, էներգետիկ անվտանգությունը։ Իհարկե, այս հանգամանքները դրդում են ՀՀ իշխանություններին, ով էլ այնտեղ լինի՝ նոր, թե հին, Մոսկվայից կախվածության չափազանց բարձր մակարդակի։
– Պարզապես Հայաստանն, ասում են, թե այդպիսի սցենար չէր հաղթահարի։
– Ցանկացած երկիր իր առանձնահատկությունն ունի։ Ես հասկանում եմ, որ սկզբունքորեն աշխարհում չկա ոչ մի բացարձակ հաջողակ երկիր, որտեղ լինի զտարյուն ժողովրդավարություն։ Ամեն դեպքում կարելի է օրինակ բերել Ասիայի առանձին երկրների, Լատինակաև Ամերիկային, որոնք իրենց զարգացման որոշակի փուլերում հասել են հաջողությունների՝ միևնույն ժամանակ ապրելով ավտորիտար և նույնիսկ տոտալիտար դիկտատուրայի պայմաններում։
Չմոռանանք նաև, որ այլ գործոններ էլ կան, նաև պատմական, կրոնական, մենթալիտետային առանձնահատկությունները այն երկրների, ինչպիսիք են Թաիլանդը, Սինգապուրը, Մալայզիան, Չինաստանը, Ճապոնիան, թեև այդ երկրներն այլ քաղաքակրթությունում են։ Իսկ եթե խոսենք եվրոպական, քրիստոնեական քաղաքակրթության մասին, ապա աշխարհում չկա քրիստոնեական մի երկիր, որը լինի տնտեսապես ու սոցիալապես հաջողակ և չզարգանա ժողովրդավարական արժեքների ուղիով։ Ուստի վաղ թե ուշ դա տեղի կունենա նաև Հայաստանում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։