Տրագիկոմեդիա` հուժկու գործողությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում քանի՞ վարչապետ, նախագահ ու տարատեսակ այլ պաշտոնյաներ են հայտարարել հավասար տնտեսական մրցակցության, օլիգոպոլիաների, մոնոպոլիաների, արտոնությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնեսն ու իշխանությունը տարանջատելու մասին:

Ոչ ոք, իհարկե, չի հաշվել, բայց առնվազն մեկ տասնյակից ավելի տարատեսակ պաշտոնյաներ անկախության ողջ ընթացքում ամենաբարձր մակարդակով տվել են նման հավաստիացումներ, արել են նման հայտարարություններ:

Այդ ամենի արդյունքում Հայաստանում խորացել է բիզնեսի և իշխանությունների սերտաճումը, խորացել է քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը, ամբողջ կուսակցություն-բիզնես պրոյեկտներ են ի հայտ եկել իշխանական համակարգում, ի հայտ է եկել ընտրակաշառքների ինստիտուտը, որը ըստ էության ևս հանդիսանում է իշխանության ֆինանսա-տնտեսական մեքենայությունների արգասիք, Հայաստանում ավելացել են մենաշնորհները, Հայաստանում ավելացել են օլիգոպոլիաները:

Եվ այս ամենի ներկայացուցիչներից մեկը՝ Հայաստանում խոշոր ունետեր Աբրահամյանների ընտանիքից Հովիկ Աբրահամյանը, հանդիսանում է հերթական պաշտոնյան, որը հայտարարում է, որ հավասար մրցակցային դաշտ, հարազատա-խնամիա-բարեկամական արտոնություններից զուրկ միջավայր է լինելու:

Երբ սա ասում է Հովիկ Աբրահամյանը, որի որդին մի խոշոր վերամշակող ընկերության 50 տոկոսի փայատերն է, իսկ մյուս 50 տոկոսի փայատերն էլ Հովիկ Աբրահամյանի ենթակա գյուղնախարար Սերգո Կարապետյանն է, ապա նման հավաստիացումներին հավատալը ուղղակի ծիծաղելի կլինի:

Ծիծաղելի է, երբ Երևանի քաղաքապետարանի որոշումով Երևանում ձևավորվում է, այսպես ասած, ավտոկայանատեղիների մոնոպոլ բիզնեսը և այն տրվում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին, իսկ Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետը հայտարարում է, որ երկրում հավասար մրցակցային դաշտ է լինելու:

Ծիծաղելի է, երբ վարչապետ նշանակված անձը խորհրդարանական իր մեծամասնությամբ կողմ է քվեարկել մի օրենքի, որը ի վնաս փոքր ու միջին մի շարք բիզնեսների արտոնություն է սահմանել իր խնամու խաղատնային բիզնեսի համար, իսկ հիմա խոսում է հավասար պայմաններից և հայտարարում, որ ոչ մի բարեկամի կամ հարազատի արտոնություն չի լինելու:

Ծիծաղելի է, երբ Հայաստանում ձևավորվում է իր շահութաբերության տոկոսով աշխարհում նախադեպը չունեցող մի բիզնես՝ արագաչափերի ու երթևեկության տեսախցիկների բիզնեսը, ու այն հանդիսանում է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի եղբոր բիզնեսը, իսկ այդ նախագահի նշանակած վարչապետը խոսում է հավասար մրցակցային հնարավորությունների, հավասար մրցակցային դաշտի, չգրված արտոնությունների վերացման մասին:

Բայց դժվար է այդ ամենի վրա ծիծաղել, որովհետև այդ ամենը կինո չէ, որ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, և ոչ էլ կատակերգական այլ ֆորմատ, որ ներկայացվում է բեմից կամ հեռուստաէկրանից: Սա իրականությունն է, Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը, գոյություն ունեցող կյանքը, այն կյանքը, որը բնակչության առնվազն 35 տոկոսի համար աղքատություն է, որից փախչում են ուր հնարավոր է՝ անգամ կամուրջից ներքև»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս