Թաթագիտական կոնֆերանս՝ Հայաստանում
Մայիսի 16-17-ին Երևանում տեղի կունենա «Առաջին միջազգային թաթագիտական գիտաժողովը»: Ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների թվին պատկանող մահմեդական թաթերը կամ կովկասյան պարսիկները, լինելով յուրահատուկ ազգային ինքնության տեսակի, լեզվի և մշակույթի կրողներ, ներկայում բնակվում են Արևելյան Այսրկովկասի հիմնականում մերձակասպյան շրջաններում՝ Ապշերոնի թերակղզուց, մինչև Լեռնային Շիրվան:
Հարավային Կովկասի մահմեդական թաթերի զգալի մասը 19-րդ դարի վերջերից սկսած՝ քաղաքական հանգամանքներով պայմանավորված ենթարկվել է էթնիկ ուծացման կամ թյուրքացման՝ գործընթաց, որը արհեստականորեն շարունակվում է նաև մեր օրերում:
Ըստ ամենայնի, մահմեդական թաթերը կազմում են նաև ժամանակակից ադրբեջանական թյուրքախոս էթնոսի հիմնական ենթաշերտը, ինչն արտացոլվում է թե լեզվական, թե կենցաղային և մշակութային տարբեր իրողություններով:
Կովկասյան պարսիկներին կամ թաթերին նվիրված Երևանում կազմակերպվող առաջին միջազգային գիտաժողովը նպատակ ունի լայն ակադեմիական շրջանակում քննել իրանական այս ժողովրդի պատմության, լեզվի, կրոնական հավատալիքների, մշակույթի, ազգագրության և մարդաբանության հիմնահարցերը: Գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 40 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից և այլ երկրներից:
Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ՝
Գիտաժողովի բացումը տեղի կունենա մայիսի 16-ին ժ. 10¬.00-ին, ԵՊՀ Երկանյանների անվան դահլիճում (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնաշենք, 2-րդ հարկ ):
ԵՊՀ Իրանագիտության ամբիոն