Բաժիններ՝

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ նոր փաթեթն  այս պահին պարտադիրի խնդիրներին տալիս է միջանկյալ լուծումներ

Ինչպես և Սահմանադրական դատարանի որոշումը տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների, այնպես էլ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմանը սպասող «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է կարծիքները կիսել: Ոմանք պնդում են, որ պարտադիրը վերացված է, իսկ ոմանց կարծիքով այն շարունակում է գործել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ՀՀ կառավարության մշակած նոր փաթեթն այս պահին խնդիրներին տալիս է միջանկյալ լուծումներ և, ամենակարևորը, կամաարտահայտության հնարավորություն՝ պարտադիր կուտակայինի մասնակիցների համար:

«Գիտեք, որ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կատարող փաթեթն ընդունելը ժամկետ սահմանված է սեպտեմբերի 30-ը, և ամբողջական փաթեթը, բոլոր խնդիրների լուծումներն ապահովելով, ադ ժամկետում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Այս փուլում հստակ լուծվում է հետևյալ խնդիրը` այն ժամանակահատվածում, մինչև այս օրենքը ընդունվելը, կուտակային վճարներ չկատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվում: Այն անձինք, ովքեր վճարումները կատարել են կենսաթոշակային հաշիվներին, նաև պետական մասնակցությունը շարունակվելու է, այդ թվում` բոլորի համար, և այդ գումարներն աշխատելու են ի օգուտ պարտադիր կուտակային համակարգի մասնակցի: Պարտադիրի կամ ոչ պարտադիրի գաղափարն այս փուլում չի քննարկվում: Մենք ունենք հստակ օրենքով արձանագրված նորմ, որը, հուսով եմ, երկրորդ ընթերցումով էլ կընդունվի, որը հնարավորություն է տալիս այն քաղաքացիներին, ովքեր այս փուլում գտնում են, որ ՍԴ որոշումով իրենց աշխատավարձից պահում չպետք է կատարվի, դիմում ներկայացնելու պարագայում իրենց կամարտահայտությունը կհարգվի»,- ասաց Ա.Ասատրյանը:

Նա նշեց, որ այս օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա լուծել ՍԴ որոշումից հետո առաջացած 2 բևեռացված մեկնաբանությունների խնդիրը, ինչն այս կարճաժամկետ հատվածում կառավարության հիմնական խնդիրն ու նպատակն էր: Հետագայում, ըստ նրա, ամբողջական մոդելի հետ կապված օրենքների նախագծերի փաթեթը կներկայացվի Ազգային ժողով և կքննարկվի:

168.am-ի հարցին ինչո՞ւ է պետական բյուջեից շարունակվում կուտակային կենսաթոշակային վճարների փոխանցումը ֆոնդերին, Ա.Ասատրյանը պատասխանեց. «ՍԴ որոշման այն դրույթը, որը վերաբերում է պետության մասնակցությանը, որևէ կերպ հակասահմանադրական չի ճանաչվել և պետական մասնակցության առումով միջոցները տրվելու են քաղաքացիների հաշիվներին: Դա թույլ կտա նաև տեղեկատվական համակարգում հստակեցնել բոլոր մասնակիցների կարգավիճակները, ինչը երկրորդ փուլում էական է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների համար հստակ կարգավիճակները արձանագրել տեղեկատվական շտեմարանում, քանի որ այդ որոշումները նաև անհատական են լինելու»:

Մեր հարցին, արդյոք անտրամաբանական չի ստացվո՞ւմ, ինչպե՞ս պետք է պետությունը որոշի, թե յուրաքանչյուր աշխատողի համար այդ 5%-ը որքան է կազմում, Ա.Ասատրյանը նշեց, որ տեղեկատվական շտեմարանում այդ տվյալները կան, դա պայմանավորված է տեղեկատվական շտեմարանով, որն ինքնաշխատ համակարգ է:

Դիտարկմանը, որ այնուամենայնիվ, հնարավոր են ներքին կարգով ճնշումներ լինեն աշխատակիցների վրա, որ դիմումներ չգրեն, նախարարը չհամաձայնեց. «Ես այդ կարծիքին չեմ: Այս լուծումը թույլ է տալու ցանկացած քաղաքացու, անկախ որ գործատուի կամ որ համակարգում է աշխատում, իր դիմումի միջոցով գործատուին հնարավորություն տալ չպահել և չփոխանցել գումարը տվյալ աշխատողի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս