Շուտով նորություններ կլսեք. Կարեն Ճշմարիտյանը՝ բաց երկնքի քաղաքականության մասին
Բաց երկնքի քաղաքականության հայեցակարգի ընդունումից հետո սպասվում էր, որ այս գարնանը եվրոպական բյուջետային ավիաընկերություններ կգան Հայաստան, սակայն առայժմ որևէ փոփոխություն չկա ավիաշուկայում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ներկայումս այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատում են: Ըստ նրա՝ այդ քաղաքականության իրականացումը քաղաքական և կառուցվածքային նոր մոտեցումներ է պահանջում, այսինքն՝ պետք է կարողանալ ադապտացնել կառավարման համակարգը բաց երկնքի քաղաքականությանը:
«Կան ընկերություններ, նաև կան մեր լավ գործընկերները, նույնիսկ խոշոր ներդրողներից, որ բանակցություններ վարում են և հաջողություններ կլինեն: Բյուջետային ընկերությունները հեշտ են գալիս, բայց նրանց բերելն էլ մյուս ընկերությունների համար կարող է խնդիրներ առաջացնել: Դրա համար այդ հարցում պետք է ավելի կշռադատված, բոլոր կողմերի շահերը հաշվի առնենք: Աշխատում ենք, շուտով նորություններ կլսեք»,- ասաց նախարարը: