
Գարիբաշվիլին ու Օլանդը քննարկել են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ընդունել է այսօր Թբիլիսի ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Վրաստանի վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպումը նախ անցել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Օլանդին՝ Վրաստան այցելելու համար, և այդ այցը որակել է որպես Ֆրանսիայի կողմից Վրաստանի եվրոպական ընտրության հանդեպ հստակ աջակցության ցուցաբերում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման հարցը, ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության կարևորությունը:
Հանդիպման գլխավոր թեմաների թվում են եղել ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը և Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները: Կողմերը նաև պայմանավորվել են պաշտպանական ոլորտում համագործակցության և երկու երկրների օրենսդիր մարմինների կապերի ակտիվացման շուրջ:
Հանդիպումից հետո նրանք պետք է մասնակցեն վրաց-ֆրանսիական տնտեսական ֆորումին: