
Ուիլյամ Հեյգը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը կասեցնելուն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը բրիտանական խորհրդարանում հայտարարել է, որ արդյունավետ չի լինի ՆԱՏՕ-ի կազմում նոր անդամների ընդունելության դադարեցման մասին որոշում կայացնելը.
«ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը ցայժմ դրականորեն է ազդել բազմաթիվ երկրների համար, և սխալ կլիներ դաշինքին սահմանափակելը՝ հրաժարվելով նոր անդամներ ընդունելուց»: Հեյգը նման կերպ է պատասխանել այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէ՞ կասեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ հաշվի առնելով միջազգային վերջին իրադարձությունները:
Հեյգը չի պատասխանել այն հարցին, թե Լոնդոնում անհրաժեշտ չե՞ն համարում, որ ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին վստահեցնի, որ չի պատրաստվում Ուկրաինան ներառել իր շարքերում. «Մենք երբեք չենք ցանկացել Ուկրաինան թեքել մեր կողմը՝ այդ երկրին զրկելով Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական կարևոր հարաբերություններից»: