«10 տոկոս քննիչներ ունենք, որոնց կարող եմ ասել, որ` սա քննիչ է, արժանի է քննիչ կոչվելու»

Հարցազրույց փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ

– Պարո՛ն Սահակյան, այս ընթացքում շատ փաստաբաններ իրենց մտահոգությունները հայտնեցին Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ նախագիծը:

– Չգիտեմ՝ որն է Քրեական դատավարության օրենսգրքի վերջին տարբերակը: Անցյալ տարվա հունիս ամսվա տարբերակն է ինձ մոտ: Ես և Լուսինե Սահակյանը արտահայտել ենք մեր կարծիքը: Հարցը վերաբերում է դեպոնացման ինստիտուտին: Մենք կատեգորիկ դեմ ենք այն ձևակերպումներին, որոնք գոյություն ունեն նոր օրենսգրքի նախագծում: Դեմ ենք՝ սուտ ցուցմունք տալու համար մեղադրյալի համար նախատեսված պատասխանատվությանը և մի քանի այլ մանր-մունր հարցերի: Իհարկե, կան նաև բազմաթիվ խմբագրական հարցեր, սակայն էականը դա չէ: Ընդհանուր առմամբ նախագծից մենք գոհ ենք:

– Նշեցինք, որ կտրականապես դեմ եք ցուցմունքների դեպոնացմանը: Այս ինստիտուտը ներդնելը հեղինակները պատճառաբանում են նրանով, որ խնդիրը ոչ իրավաչափ եղանակներով ինքնախոստովանական ցուցմունքների կորզման հնարավորությունը բացառելն է: Ձեր կարծիքով` դա չի՞ ստացվելու:

Կարդացեք նաև

– Ոչ, չի ստացվելու: Նրանք պրակտիկ մասնագետ չեն: Որքան էլ ոմանք փորձեն ասել, թե իրենք առնչություն ունեն պրակտիկայի հետ, միևնույն է՝ նրանց պրակտիկ փորձը շատ սահմանափակ է, և նրանք չեն կարող իմանալ այնքան, որքան գիտենք մենք, թե ինչ է երբեմն կատարվում իրավապահ մարմինների աշխատաոճում:

– Պարո՛ն Սահակյան, օրենսգրքի նախագծի նորություններից է նաև այլընտրանքային խափանման միջոցների ներմուծումը. օրենսգրքով նախատեսված է, որ դրանք կարող են կիրառվել նաև համակցությամբ: Կարծիքներ հնչեցին, որ դրանց կիրառումը կարող է նվազեցնել կալանավորումների թիվը…

– Դա համապատասխանում է իրականությանը: Ես համամիտ եմ այդ կարծիքին և կողմնակից եմ, որ նոր տեսակի խափանման միջոցներ ներմուծվեն Քրեական դատավարության օրենսգրքում, ինչը կնվազեցնի այսօր շատ հաճախ կիրառվող, այսպես ասած, ամենախիստ խափանման միջոց կալանավորումը: Դա պետք է նվազագույնի հասցվի: Ամբողջ աշխարհը վաղուց արդեն անցել է դրան, բայց Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում դրան անցնել: Իրենց թվում է՝ եթե անձի նկատմամբ չընտրեն խափանման միջոց կալանավորումը, ապա նա կխուսափի պատասխանատվությունից, կլքի հանրապետությունը և կհեռանա՝ առանց մտածելու, թե ուր է լքելու այդ մարդը: Փոխեք, էլի: Աշխարհը վաղուց փորձարկել է, դուք էլ փորձարկեք, հայե՛ր:

– Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձի սկզբնական կալանքի կիրառման համար բավարար է միայն հիմնավոր կասկածն այն մասին, որ նա կատարել է իրեն վերագրվող հանցանքը: Շատ փաստաբաններ արտահայտել են իրենց մտավախություններն այս կարգավորման հետ կապված…

– Ես նույնպես կատեգորիկ դեմ եմ այդ հոդվածի ձևակերպումներին: Նախաքննական, հետաքննական մարմնին այնքան հեշտ է ստանալ միայն հիմնավոր կասկածը՝ մեկն ասաց, որ մյուսը կատարել է ծանր հանցագործություն. հիմնավոր կասկածն առկա է, և այդ անձը պետք է մեկ ամիս նստի: Ես կուզեի իմանալ՝ այդ քննիչը, դատախազն ու դատավորը… եթե ես գնամ՝ ասեմ, որ կաշառք են վերցրել, մի ամիս նստեցնե՞նք այդ դատավորին, քննիչին, մինչև պարզի, որ ես սո՞ւտ եմ ասել, կամ, որ իմ միակ ցուցմունքը բավարար չէ՞: Ինչպե՞ս եք գնահատում: Ինչպե՞ս կգնահատեն այդ նույն դատավորները, քննիչները, այդ օրենքի նախագիծը մշակողները:

Չէ՞ որ գոյություն ունի այդ ինստիտուտը՝ ցուցմունքներ կորզելը, հատկապես նախաքննության սկզբնական փուլերում: Բայց մենք այս երկրում ենք ապրում, գիտենք, որ դա կա և համատարած բնույթ է կրում: Չեմ խոսում այն մասին, որ քննիչներն այսօր բացարձակապես որակ չունեն: Խոսքը վերաբերում է քննիչների 90 տոկոսին:

10 տոկոս քննիչներ ունենք, որոնց կարող եմ ասել, որ` սա քննիչ է, արժանի է քննիչ կոչվելու: Բայց երբ կարդում եք քննիչների 90 տոկոսի գործերը, ուղղակի չգիտես՝ ինչ անես, ասես՝ ո՞վ է ձեզ թույլ տվել, որ աշխատեք այս դաշտում: Բայց չենք մեղադրում թույլ տվողներին, որովհետև ո՞ւմ նշանակեն, չկան, կադրեր չունենք: Ամենամեծ պրոբլեմն է այսօր, որ մենք չունենք կադրեր, որոնք բավարար պրակտիկ և տեսական գիտելիքներ ունեն:

– Պարոն Սահակյան, շատ է քննարկվում նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որի «Դատական իշխանություն» հատվածում նշված է, որ քննարկման առարկա է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսումը: Ձեր կարծիքով՝ Հայաստանում այդ ինստիտուտի ներդրումը կարո՞ղ է արդյունավետ լինել, կա՞ դրա անհրաժեշտությունը:

– Ես չեմ ուզում մանրամասնել, բայց դա ուտոպիա է: Հայաստանում այդ ինստիտուտը չի աշխատի: Ովքեր դա առաջարկում են, երևի կտրված են հայկական իրականությունից:

– Առաջարկ կա նաև դատական ատյանների քանակի կրճատման հետ կապված (եռաստիճանից երկաստիճան)՝ երկրորդ ատյանում վերաքննության ու վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով…

– Միանշանակ՝ այո, որովհետև երկրորդ ատյանը պետք չէր: Եթե վերաքննիչ դատարանը պետք է ընդամենը դատի առաջին ատյանի դատական ակտը, ապա ո՞ւմ է պետք այդ վերաքննիչ ատյանը, որը ճնշող մեծամասնությամբ գործը վարում է վճռաբեկության կարգով: Եթե դու պետք է գործը վարես վճռաբեկության կարգով, թող գործը միանգամից վճռաբեկ դատարան գնա, էլ ինչո՞ւ ենք մենք այդքան դատավորներ պահում վերաքննիչ ատյանում: Ավելի լավ է՝ վերաքննիչ ատյանի դատավորներն աշխատեն առաջին ատյանի դատարաններում, որտեղ ծանրաբեռնվածությունն ուղղակի կատաստրոֆիկ մեծ է: Եվ առաջին ատյանի դատական ակտերի որակը շատ հաճախ տուժում է այն բանից, որ դատավորները խիստ ծանրաբեռնված են: Խոսքն առաջին ատյանի դատարանների դատավորների մասին է:

– Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում խոսվում է նաև այն մասին, որ առաջին ատյանի դատարանում կարող է ստեղծվել ինքնուրույն դատական օղակ, որոնք հատուկ կամ մասնագիտացված գործառույթ (օրինակ՝ վերահսկողություն մինչդատական վարույթի նկամամբ) իրականացնելով՝ կբեռնաթափեն ընդհանուր իրավասության դատարանները:

– Դա լուրջ թեմա է: Կողմնակից եմ նրան, որ այդտեղ որոշակի փոփոխություններ են պետք: Ինչո՞ւ պետք է քաղաքացիական գործեր քննող դատավորը լուծի կալանավորման թույլտվության խնդիրներ: Քաղաքացիական գործ քննող դատավորն այնքան է ծանրաբեռնված, որ չգիտի՝ ինչ անի, իսկ իրեն մակագրվում է կալանքի սանկցիա: Ինքը պետք է նյութերին ծանոթանա և շատ արագ: Այսինքն՝ պետք է մի կողմ թողնի բոլոր գործերը և կենտրոնանա այդ մի գործի վրա, որովհետև զբաղվելու է շատ պատասխանատու գործունեությամբ՝ անձին ազատությունից զրկելու խնդիր պետք է լուծի: Եվ բազմաթիվ այլ հարցեր կան՝ վճարման պարտավորություններգ Լավ, էլի, հերիք է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորը զբաղվի այդ հարցերով:

Տեսանյութեր

Լրահոս