
Թուրքիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մեկնաբանել է մայիսի 8-ին Թուրքիայի Լրագրողների ֆեդերացիայի պատվիրակության այցն Աբխազիա.
«Վրաստանի ԱԳՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի տեղի չունենա թուրք լրագրողների այցն օկուպացված Աբխազիայի տարածք, և, այնուամենայնիվ, դա տեղի է ունեցել: Դա հանդիսանում է Վրաստանի «Օկուպացված տարածքների մասին» օրենքի խախտում:
Հենց դրա համար էլ Վրաստանի կառավարությունը մտադիր է ընդունել համապատասխան միջոցներ: Այսօր մենք կհանդիպենք Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ և նրան կիրազեկենք տվյալ փաստի նկատմամբ մեր վերաբերմունքը:
Անկախ նրանից, թե ինչ պատվիրակություն է այցելում Աբխազիա, դա չի նշանակում թե ինչ-որ մեկը ճանաչել է նրա անկախությունը: Տվյալ հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, նա աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Աբխազական կողմի տվյալներով՝ թուրք և աբխազ լրագրողները ստորագրել են համագործակցության մասին հուշագիր: Ընդհանուր առմամբ, Աբխազիա է ժամանել մոտ 80 թուրք լրագրող: