
Ֆրանսիայի նախագահի այցը յուրահատուկ իրադարձություն է Վրաստանի արտաքին քաղաքականության պատմության մեջ. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի համար մեծ պատիվ է ԵՄ-ի ամենանշանակալից անդամներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահին ընդունելը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երևանից կժամանի Թբիլիսի:
Փանջիկիձեն Օլանդի վրացական այցը որակել է որպես ուժեղ աջակցություն Վրաստանին, որը պատրաստվում է Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ. «Ֆրանսիայի նախագահի այցը յուրահատուկ իրադարձություն է Վրաստանի արտաքին քաղաքականության պատմության մեջ:
Հանդիպումների ժամանակ խոսք է գնալու ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մասին, հատուկ ուշադրություն է հատկացվելու պաշտպանական ոլորտի համագործակցությանը: Մենք պատրաստակամություն ենք հայտնել՝ մասնակցելու ԿԱՀ-ում ԵՄ-ի հովանու ներքո տարվող խաղաղապահ առաքելությանը, որում առաջնային դերը հատկացված է հենց Ֆրանսային»:
Փանջիկիձեն հավելել է, որ այցը նախատեսում է նաև տնտեսական ասպեկտներ, մասնավորապես, անցկացվելու է տնտեսական ֆորում, որն այսօր բացելու են Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: