
Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, ըստ որի՝ այցը կայանալու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով:
Ծինփինի ու Պուտինի հանդիպումը տեղի է ունենալու Շանհայում, որի ժամանակ նրանք քննարկելու են երկկողմ օրակարգում գտնվող հարցերի համալիր: Պլանավորված է, որ Պուտինի չինական այցի շրջանակներում ստորագրվելու են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվելու են առևտրա-տնտեսական, էներգետիկ ու հումանիտար ոլորտներին:
Նախատեսվում է վերանայել միջազգային արենայում ռուս-չինական համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները: Ակնկալվում է, որ Պուտինի չինական այցը նոր փուլ կբացի երկկողմ հարաբերությունների, համապարփակ գործընկերության ու ռազմավարական փոխգործակցության մեջ: Պուտինի չինական այցը կավարտվի մայիսի 21-ին: