«Շատ կարճ ժամանակում իշխանությունը կփոխանցվի Ռոբերտ Քոչարյանին». Սասուն Միքայելյան. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը։

– Պարոն Միքայելյան, օրերս ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ն իր դիրքորոշում ներկայացրեց։ Կա՞ն արդյոք մտավախություններ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում։

– Ես ոչ մի մտավախություն չունեմ, ընդամենը մենք պետք է գիտակցաբար մոտենանք, իսկ ամերիկացիները նախևառաջ թող իրենց նախագահին առաջարկեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երկրորդ՝ մենք այս տարածքներն ազատագրել ենք դարավոր թշնամուց, ազատագրել ենք յոթ շրջան, որպեսզի շփման գիծը մեզնից հեռանա, որովհետև այն ժամանակ, ինչպես գիտեք, ադրբեջանցիները ռմբակոծում էին հայկական բնակավայրերը, որտեղ զոհվում էին խաղաղ բնակիչներ։

Այսօր մեր տարած հաղթանակին մենք պարտավոր ենք տեր կանգնել, և եթե այս անգամ էլ չկարողանանք սկիզբը վերջին կապել, մենք ազգովի խնդրի առջև կկանգնենք, և այս ամենը կմնա մեր ապագա սերնդի ուսերին։ Ես գերադասում եմ մեր վերջին պատերազմը, վերջինը կռիվը տալ՝ կա՛մ բնաջնջվել, կա՛մ հաղթել, բայց իրավունք չունենք Ղարաբաղից մի թիզ հող տալու։ Սա միայն արժանապատվության հարց չէ, այլ նաև մեր ապագա սերնդի գոյատևման հարցը։

Մենք իրավունք չունենք Ղարաբաղից մի թիզ հող վերադարձնելու, այլապես ինչի՞ համար էին այս պայքարը, պատերազմը, տառապանքները, 7000 տղաների զոհվելը։ Մենք նորագույն պատմության նոր էջ ենք բացել և պարտավոր ենք այդ էջը լցնել մեր ոգով, հավատով, հայրենասիրությամբ և ապագա սերնդի ուսերին ոչ մի բան չթողնելով։

– Պարոն Միքայելյան, անկախության նոր էջը, շատերի բնորոշմամբ, ոչինչ չտվեց, արժե՞ր հաղթել՝ ամեն օր պարտվելու համար։

– Մենք ամեն օր պարտվելու համար չենք հաղթել մենք հաղթել ենք գրեթե 700 տարի հետո, իսկ ներկայիս իշխանությունները, որոնք լեգիտիմ չեն, ընդամենն իրենց աթոռի, գոյատևման հարցն են լուծում, բայց պայքարի էին դուրս եկել, ինչպես նշեցի, 7000 տղաներ, ովքեր գլուխները դրեցին սեղանին։ Պարտավոր ենք նրանց առջև, այս գործը պիտի ավարտին հասցնենք։

Այն զոհված տղաները ա՛յս Հայաստանը չէին ուզում։ Երեք նախագահներն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրենք զինվորից ցածր մարդիկ են եղել, նրանք երեքն էլ քաղաքականություն վարեցին դրսի ուժերի կամքով։ Մենք մեկ անգամ էլ ենք համախմբվելու և նորից տանելու ենք այն ուղին, որը սկսել էր սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Մենք այսօր, արդեն հաղթանակած՝ իրավունք չունենք պարտվելու։ Այսօրվա իշխանու թյունները ոչ լեգիտիմ են, դրսի ուժերի հետ են կապ ունեցել և կատարում են նրանց թելադրանքը։ Ուստի այսօրվա իշխանությունները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան։

– «Հրաշալի քառյակը» պահանջեց Տիգրան Սարգսյանի հրաժարականը, դա տեղի ունեցավ, բայց մի՞թե չպետք է լիներ հաջորդ քայլը նրանյ գնային Ազատության հրապարակ՝ պահանջելու համակարգային փոփոխություններ։

– Դա կհարցնեք չորս կուսակցություններից, որոնք ուզում էի համախմբվել և 28-ին դուրս գալ հրապարակ՝ գիշերները հանրահավաք անցկացնելու, բայց մենք այդ խաղերի մեջ չենք մտնելու մենք ազնվորեն մեր պայքար ենք տանելու, և մեր «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդով մեր գործ ենք անում և ձգտում, որ Հայաստանում գոնե մեկ անգամ լեգիտիմ նախագահ ընտրվի, և թե՛ ՏԻՄ, թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունները մեկ անգամ անցնեն լեգիտիմ, ամեն մարդ կարողանա իր տված ձայնին տեր կանգնել։

15 տարի է՝ այս օտար իշխանու թյուններն են, և հայաստանցի ղարաբաղցի հարցը հենց իրենք են բերել Հայաստան։ Եթե հեռանան, հայաստանցի-ղարաբաղի գաղափարը կվերանա, իսկ սա սեպ է խրել Հայաստանի և Ղարաբաղի միջև։

– Իսկ նոր կառավարությունրց ոչ մի ակնկալիք չունե՞ք։

– Ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, կա ռուսերեն ասացվածք՝ «վոկռուգ օկոլո». այդ հոգեբանությամբ են այս իշխանությունները տեղափոխություն անում՝ Հասան Քաչալ, Քաչալ Հասան, Քաչալի տղա Հասան. ոչ մի համակարգափոխություն չսպասեք։ Մի անգամ եթե գիտակցենք, մեր ներքին և արտաքին իրավիճակը գնահատենք, համախմբվենք՝ հաղթանակի կհասնենք և կունենանք այն իշխանությունը, որ ընտրում է ՀՀ ժողովուրդը։

– Մտավախություն չունե՞ք, որ քաղաքականություն կվերադառնա երկրորդ նախագահը, ասում են՝ նոր կառավարությունում նրա կադրերն են։

– Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն արդեն ձևավորվել է, հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում փոխանցվի նրան, բայց մենք պետք է զգոն լինենք, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության գա։ Մենք իրավունք չունենք Սերժ Սարգսյանին թույլ տալու սահմանադրական հանրաքվե անցկացնել, սահմանադրական փոփոխությունը ո՞րն է, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են անում։

Երբևէ այս իշխանությունները հարգե՞լ են Սահմանադրությունը, որ սահմանադրական փոփոխություն են անում։ Բոլոր սահմանադրություններն էլ ժողովրդավար են, եթե իրագործվեն, ոչ թե ներկայիս իշխանությունների նման՝ շրջանցեն Սահմանադրությունը։ Ի՞նչ Սահմանադրության փոփոխության մասին կարող է խոսք լինել ընդամենն ամեն մեկը գալիս՝ իր հագով սահմանադրություն է կարում, իսկ ժողովուրդը չի կարող այդ հագուստի, մեջ մտնել։ Կատարվեց հետևյալը. եթե մենք դեմ ենք սահմանադրական փոփոխությանը՝ հայտնվում ենք Ռոբերտ Քոչարյանի դաշտում, եթե կողմ ենք՝ Սերժ Սարգսյանի դաշտում։ Այ, թե ինչ խաղեր են խաղում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իսկ մենք էլ այդ «կտերը» ուտում ենք։

-Ուզում եք ասել՝ իրականում ինտրիգ չկա՞ նրանց միջև։

– Նրանց միջև կարելի է վիճաբանություն լինել, բայց՝ բաժակի մեջ, բաժակից այն երբեք դուրս չի գա։ Ես չեմ պատկերացնում և չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նույն մարդիկ չեն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս