Բաժիններ՝

«Ալ-Քաիդայի» գործունեությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությունը. Դավութօղլու

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «Ալ-Քաիդայի» գործունեությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությունը: Դավութօղլուի խոսքերով՝ իրականությանը «չեն համապատասխանում» այն տեղեկությունները, որ Թուրքիան աջակցում է ահաբեկչական խմբավորումներին.

«Անցյալում Թուրքիան տուժել է «Ալ-Քաիդայի» գործունեությունից: Ներկայումս ամեն հնարավոր կանխարգելիչ միջոցներն ուղղվել են ահաբեկիչների դեմ պայքարին:

Արևմտյան գործընկերների հետ շփումների ընթացքում քննարկման մշտական թեմա են հանդիսանում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները: Շատ երկրներ խանդավառությամբ են սկսել պայքարել ծայրահեղականության դեմ»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարին Ժանդարմերիայի ուժերն Ադանայում խուզարկեցին Սիրիա մեկնող և թուրքմեններին «հումանիտար օգնություն» տեղափոխող բեռնատարը և պարզեցին, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) դրանով զենք էր տեղափոխում հարևան երկիր, ինչը սկանդալի առաջացման պատճառ հանդիսացավ: Այժմ Ժանդարմերիայի այդ աշխատակիցներին սպառնում է ցմահ ազատազրկում:

2013 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի համաշխարհային առևտրի  (U.N. Comtrade) տվյալները վկայեցին, որ Թուրքիան հունիսից Սիրիայի ապստամբներին հատկացրել է 47 տոննա զենք: Խոշորագույն խմբաքանակն ուղարկվել է սեպտեմբերին և կազմել է գրեթե 29 տոննա:

Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքչուն նախ հերքել է այդ թվերը, սակայն ավելի ուշ թուրքական Hürriyet թերթին հաստատել է, որ ՄԱԿ-ի տվյալները հենված են Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TÜİK) տեղեկատվության վրա: Գյումրուքչուի խոսքերով՝ դա «եղել» է այնպիսի զենք (որսորդական հրացաններ), որը «նախատեսված չի եղել» ռազմական նպատակներով օգտագործելու համար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս