Բաժիններ՝

«Ես նրա հետ էլ չեմ կարող ապրել, չեմ ների». Ասում է ամուսնու կողմից դանակահարված 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանը (տեսանյութ)

Ամուսնու կողմից դանակահարված 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանի գործը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն և դառնալ իրավական նախադեպ ընտանեկան բռնության այլ զոհերի գործերի համար: 2014թ. հունվարի 1-ին Սիրանույշի ամուսինը՝ Լևոն Աղաբեկյանը, իրենց համատեղ բնակարանը դիտավորյալ հրկիզել է, երբ ընդամենը 20 օր առաջ էր դատարանի դահլիճից ազատ արձակվել կնոջը` Սիրանույշ Աղաբեկյանին դանակահարելու համար:

Սիրանույշը որդու խնդրանքով դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է դարձել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Տան հրկիզումից հետո Սիրանույշը դանակահարության գործով դիմել է Վերաքննիչ դատարան, բայց գործը կրկին կարճվել է:

Նախադեպը կարող է առաջանալ, եթե Վճռաբեկ դատարանը գնահատի, որ Աղաբեկյանի գործը պետք է քննվի ոչ թե անհատական, այլ հանրային մեղադրանքի շուրջ, քանի որ առկա են հանրության համար վտանգավորության տարրեր, և մեղադրյալը պետք է դատապարտվի անգամ այն դեպքում, եթե բողոքը հետ է վերցվում. այս մասին ասաց ընտանեկան բռնության զոհ Սիրանույշ Աղաբեկյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը այսօր «Մեդիա կենտրոնում»՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Բանախոսները նշում են, որ ոստիկանության վերաբերմունքը խիստ օրակարգային հարց է ընտանեկան բռնության դեպքերի զարգացման համար:

«Երբ կինը դիմում է ոստիկանությանը, նրանք միանգամից փորձում են հաշտեցնել, ինչը հաճախ բացասական հետևանք է ունենում,-ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը,-Սիրանույշ Աղաբեկյանի դեպքն այդպիսի մի օրինակ է, երբ բռնության հերթական միջադեպից հետո ոստիկանները համոզել են Սիրանույշին ետ վերցնել ամուսնու դեմ գրված դիմումը, որից որոշ ժամանակ անց ամուսինը դանակահարել է նրան»:

Բանախոսների հավաստմամբ՝ հրդեհման փաստը ոստիկանության համար հիմք չի եղել Սիրանույշ Աղաբեկյանի ամուսնու նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, քանի որ համարել են, որ դա նրա սեփականությունն է և կարող է վարվել, ինչպես ցանկանա:
«Ոստիկանները հաշվի չեն առնում, որ Սիրանույշ Աղաբեկյանը հրդեհված տան համասեփականատեր է, ինչպես նաև նրան պատկանող գույք է ոչնչացվել: Առկա է տան սեփականության վկայականը, որը փաստում է, համասեփականատերերի մասին»,-ոստիկանության անգործությունն է մատնանշում փաստաբան Տիգրան Մուրադյանը, ում կարծիքով՝ ոստիկաններն այս պարագայում օրենքին համապատասխան գործողություններ չեն իրականացրել:

Սիրանույշ Աղաբեկյանի կարծիքով՝ ամուսնու գործողությունների դրդապատճառը նրա հակումն է ալկոհոլի հանդեպ, սակայն դանակահարությունից հետո ամուսինը մեղսունակ է ճանաչվել. «Ես նրա հետ էլ չեմ կարող ապրել, չեմ ների,- մայիսի 21-ին տեղի է ունենալու Աղաբեկյանի և նրա ամուսնու ապահարզանի դատական նիստը, սակայն տան հրդեհումից հետո ընտանիքը մշտական բնակության վայր չունի,- Ապրելու տեղ չունենք, տան դուռը ջարդել ու վառել է տունը: Երեխես էլ վախում է, ոնց մենակ տանը թողեմ, գնամ գործի»:

«Ամուսինը ազատության մեջ է, շարունակում է ալկոհոլ օգտագործել և ամեն պահի կա վտանգ, որ կարող է վտանգել Սիրանույշին ու նրա երեխաներին»,- ասում է Լիդա Մինասյանը՝ պնդելով ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի անհրաժեշտության մասին:

Փաստաբան Տիգրան Մուրադյանը Սիրանույշ Աղաբեկյանի դանակահարության գործով վճռաբեկ բողոք է ներկայացնելու, իսկ նրա տան հրկիզման դեպքով գործ չհարուցելու փաստով ոստիկանության անգործությունը հնարավոր է նաև վիճարկվի դատարանում:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ արագ արձագանքման խմբի տվյալներով՝ 2012թ.-ից մինչև հիմա արձանագրվել է ընտանեկան բռնության 40 դեպք, որից 16-ը՝ սպանության, 20՝ ֆիզիկական բռնության, 2 ՝ հոգեբանական և 2 սեռական բռնության դեպք:

Իսկ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ.-ին գրանցվել է ընտանեկան բռնության մոտ 760 դեպք, որից միայն 621-ը կատարվել է կանանց հանդեպ, իսկ 2013թ.-ին՝ մոտ 500 դեպք:

«Մեդիա կենտրոն»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս