
Արևմուտքն ակնհայտորեն ստում է Ուկրաինայի իրադարձությունների շուրջ. Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն ակնհայտորեն ստում է Ուկրաինայի իրադարձություններին գնահատական տալիս.
«Ես տեղյակ եմ, որ կեղծիքն ու կիսաճշմարտությունը (ավելի վատ) ակտիվորեն օգտագործվում են ուկրաինական ճգնաժամի ընթացքում, ընդ որում, թե՛ բուն ուկրաինացի գործիչների, թե՛ նրանց արևմտյան հովանավորների կողմից: Սակայն նրանք երբեք չէին իջել նման մակարդակի, հավանաբար փաստերը պարզապես լռության մատնելը բավական չէ նրանց համար»:
Լավրովի խոսքերով՝ ռուս լրագրողները, երբեմն իրենց կյանքի գնով, աշխատում են բարդ պայմաններում և ցույց են տալիս Ուկրաինայում տեղի ունեցածի ճշմարտությունը, մասնավորապես այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում, թե ինչպես էին ցանկանում դա կրկնել Մարիուպոլում, թե ինչպես էին փորձում տապալել հանրաքվեն:
Լավրովն ընդգծել է, որ BBC-ն ու CNN-ը չեն ցուցադրել այնպիսի կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ծանր տեխնիկան օգտագործվում անզեն քաղաքացիների դեմ, մինչդեռ ռուսական հեռուստաալիքները դա ցուցադրել են ուղիղ եթերով: Լավրովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Ուկրաինայում արգելափակել են ռուսական հեռուստաալիքները: