
Գերմանիայի հյուսիսում մեկնարկել են Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի հյուսիսում այսօր զորավարժություններ են մեկնարկել, որոնք տևելու են մինչև մայիսի 23-ը: Այս մասին հայտարարել է բունդեսվերի ներկայացուցիչը, որի խոսքերով՝ զորավարժություններին մասնակցում է մոտ 4500 գերմանացի զինծառայող:
Բացի այդ, զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի հարևան երկրների, ԱՄՆ-ի, Հունգարիայի ու Թուրքիայի ստորաբաժանումները: Զորավարժություններում ներգրավված են մոտ 100 ինքնաթիռ ու ուղղաթիռ, այդ թվում նաև բազմանշանակ «Տոռնադո» մարտական ինքնաթիռներ:
Զորավարժությունների հրամանատարությունն իրականացվելու է Հոլցդորֆում (Բրանդենբուրգ) ավիաբազայից: