
Վիետնամը Չինաստանին մեղադրել է իր օդային տիրույթը խախտելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն անցած երկու օրում քանիցս խախտել են Վիետնամի օդային տիրույթը: Այս մասին հայտարարել է Վիետնամի առափնյա պաշտպանության պետի տեղակալ, գնդապետ Նգո Նգոկ Տխուն:
Նա մանրամասնել է, որ չինական ինքնաթիռները երկրի օդային տիրույթը խախտել են Հարավ-չինական ծովում: Վիետնամը պնդում է, որ չինական մարտական ավիացիան ուղարկվել է այդ շրջան նրա համար, որովհետև մայիսի սկզբից այնտեղ ապօրինի գործունեություն է սկսել չինական հորատող հարթակ:
Չինական կողմն իր հերթին հայտարարել է, որ «Հայան Շիյու 981» պլատֆորմը մինչև օգոստոսի կեսերը հետազոտական աշխատանքներ է իրականացնելու Պարասելյան կղզիների, ինչպես նաև նրանց հարևանությամբ ընկած Սպրատլի արշիպելագի ջրատարածությունում: Տվյալ արշիպելագի նկատմամբ հավակնություններ ունեն թե՛ Չինաստանը, թե՛ Վիետնամը: