
Ալ-Ջարբան Օբամային խնդրելու է սիրիական ընդդիմությանը հատկացնել զենիթա-հրթիռային համալիրներ

Ամերիկյան Wall Street Journal թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային խորհրդի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան հայտարարել է, որ այս շաբաթ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Նա ընդգծել է, որ մտադիր է այդ հանդիպման ժամանակ հասնել ԱՄՆ-ի կողմից իրենց շարժական զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարմանը: Ջարբան մանրամասնել է, որ խոսքը գնում է տվյալ համալիրները հատուկ ուսուցում ստացած ընդդիմադիրների խմբին հատկացնելու մասին, որոնք դասալքել են սիրիական բանակի շարքերը և արդեն իսկ ունեն հակատանկային զենքից օգտվելու փորձ:
Ընդ որում, Ջարբան համաձայն է այդ համալիրներն ինչպես ուղիղ ԱՄՆ-ից, այնպես էլ ամերիկյան վարչակազմի համաձայնությամբ այլ երկրներից ստանալուն: Թերթը հիշեցնում է, որ տարածաշրջանում այդպիսի համալիրներ ունեն Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ի այլ դաշնակիցներ:
Թերթի տվյալներով՝ ալ-Ջարբան այսօր հանդիպելու է Պենտագոնի ներկայացուցիչների, իսկ վաղը՝ Բարաք Օբամայի հետ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ նա արդեն իսկ հանդիպել է նախորդ շաբաթ: