Հասան Ռոուհանին ներկայացրել է Իրանի միջուկային նորագույն նվաճումները
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր պաշտոնապես ներկայացրել է առողջապահական ոլորտում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային նորագույն նվաճումները:
Խոսքը գնում է գլանաձև ցենտրիֆուգների, ուլտրամանուշակագույն ճառագայթման մոնիթորինգային համակարգի, ինչպես նաև գամմա ճառագայթման ազգային բազմանշանակ համակարգի մասին, որոնք պաշտոնապես ներկայացվել են Իրանի ղեկավարության կողմից:
Այդ նվաճումները ներկայացվել են մայիսի 13-ին Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլի շեմին: Ռոուհանին այդ ամենը ներկայացնելիս հայտարարել է, որ ակնհայտ կեղծիք են հանդիսանում այն պնդումները, թե Իրանն ունի միջուկային գաղտնի ծրագիր:
Ռոուհանիի խոսքերով` Իրանը չի դադարեցնի միջուկային ոլորտում իր մշակումները: Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ և իրականացվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում.
«Անհրաժեշտության դեպքում Իրանն ուրանը կհարստացնի մինչև 20 տոկոս: Երկիրն ունակ է դրան: Իրանը երբեք չի պնդի ու հետապնդի զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ) ստեղծելու նպատակ»: