
Մերկելն ու Օլանդը Ռուսաստանին սպառնացել են նոր պատժամիջոցներով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 10-ին հայտարարել են, որ պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, եթե մայիսի 25-ին Ուկրաինայում չանցկացվեն նախագահական ընտրություններ:
Գերմանական Շտրալզոնդե քաղաքում տեղի ունեցած նրանց հանդիպման արդյունքներով արված համատեղ հայտարարությունում նշված է, որ եթե Ուկրաինայում չանցկացվեն նախագահական ընտրություններ, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի երկրի անկայունացմանը:
Բացի այդ, հայտարարությունում նշված է, որ Բեռլինն ու Փարիզն ապօրինի են ճանաչում Ուկրաինայի արևելքում մայիսի 11-ին նշանակված «հանրաքվեի» անցկացումը: Մերկելն ու Օլանդն ընդգծել են, որ ցանկանում են Ռուսաստանից հասնել Ուկրաինայի սահմանից սեփական զորքերի «տեսանելի» հեռացմանը:
Նրանք Կիևի իշխանություններին կոչ են արել զերծ մնալ ագրեսիվ գործողություններից մինչև մայիսի 25-ի նախագահական ընտրություններ: