Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում մեկնարկել է ինքնորոշման հանրաքվեն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում մեկնարկել է ինքնորոշման մասին հանրաքվեն: Ընտրատեղամասերը բացվել են մոսկովյան ժամանակով ժամը 09.00-ին:
Դոնեցկի մարզում քվեարկության մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Աջակցո՞ւմ եք արդյոք Դոնեցկի ժողովրդական հանրապետության ինքնուրույնության ակտին»: Այն գրված է ուկրաիներենով ու ռուսերենով, հարցի ներքևում նշված է երկու տարբերակ` «այո» և «ոչ»:
Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է 1527 ընտրատեղամաս: Դրանք գործելու են մինչև ժամը 22.00-ը: Սակայն Սլավյանսկում քվեարկության ժամն ավարտվելու է ժամը 20.00-ին, քանի որ դրանից հետո սկսվում է պարետային ժամը:
Լուգանսկի մարզի բնակիչներն էլ պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Աջակցո՞ւմ եք արդյոք Լուգանսկի ժողովրդական հանրապետության ինքնուրույնության ակտին»: Այստեղ քվեարկությունը պետք է տևի մինչև ժամը 23.00-ը: Քվեարկության արդյունքները հրապարակվելու են մայիսի 12-ին: