Բաժիններ՝

«Կարելի է լինել լավ հայր` անգամ չապրելով երեխայի մոր հետ» (լուսանկարներ)

Արման Մարգարյանը երկար ժամանակ աշխատում էր Մոսկվայում: Վերադառնալով Հայաստան՝ նա աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրում՝ որպես հաղորդավար, իսկ վերջերս բեմ բարձրացած «Սիրո Կամուրջ» մյուզիքլում՝ որպես դերասան: Արման Մարգարյանի հետ մեր հարցազրույցում խոսել ենք տարբեր թեմաներից, այդ թվում՝ տղամարդու արտաքին գեղեցկության բացասական հետևանքների, ներքին էգոիզմի և ազատ ապրելաոճի մասին: Նրան, ի դեպ, մտերիմները, հարազատները «Մոշ» են կոչում:

– Մի շրջան կար, երբ «Մոշ» կեղծանունդ քիչ էր մնում փոխարիներ անվանդ: Ո՞ւմ համար էիր այդքան քաղցր, որ նա քեզ կնքեց «Մոշ» անունով:

– Փոքր ժամանակ, երբ դեռ գոյություն ունեին բակ հասկացողությունն ու ընկերներով մինչ ուշ գիշեր բակային խաղերին մասնակցելը, ամենամոտ ընկերս` Նիկ Օհանյանը, ինձ դիմելով՝ ասաց. «Բարև, Մոշ»: Ասացի. «Մոշը դու ես»: Նա էլ բացատրեց՝ ասելով` Արմոշ` Մոշ: Եվ այդպես, հարազատների, ընկերների շրջանակում մնացի՝ որպես Մոշ: Հետո, երբ հայտնվեցի «Ալֆրեդի սենյակ» նախագծում, մասնակիցների մեջ կային նաև իմ ընկերներից և ինձ պարզապես ճանաչողներից: Ես նրանց բազմիցս խնդրեցի ինձ չդիմել Մոշ կեղծանունով: Բայց քանի որ ուղիղ եթեր էր, բնականաբար, մի քանի անգամ պատահաբար ինձ Մոշ անվանելուց հետո կեղծանունս էլ ավելի տարածվեց:

– Դու նման չես մեկին, ով կհանդուրժի և չի կանխի այն, ինչ իր կամքին հակառակ է: Կարծում եմ՝ իրականում քեզ դուր էր գալիս և դեռ դուր է գալիս, երբ քեզ դիմում են` Մոշ:

Կարդացեք նաև

– Այնպես չէ, որ այդ անունն ինձ նեղում է: Ի դեպ, տանն էլ են ինձ երբեմն այդպես դիմում:

Arman Margaryan (8)

– Դու մեծացել ես արվեստագետների ընտանիքում: Տատիկդ Հայաստանի վաստակավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանն է, մայրդ` Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նաիրա Շահիրյանը: Արվեստագետների ընտանիքը շատ հաճախ բոլորովին այլ միջավայր է, այլ ապրելաոճ: Այդ հանգամանքը կյանքում քեզ օգնե՞լ, թե՞ խանգարել է:

– Դա ինձ կխանգարեր, եթե որոշեի դառնալ ֆիզիկոս կամ մաթեմատիկոս, որովհետև արվեստագետներն իրենց բնույթով մի քիչ ցրված ժողովուրդ են: Իմ պարագայում դա ինձ օգնել է, քանի որ ես ընտրել եմ արվեստի ուղին:

– Մենք ազգովի սիրում ենք տառապել, ողբալ: Համազգային վայելք ենք ապրում, երբ մեկ այլ ազգի ներկայացուցիչ մեզ խղճում է: Հպարտանում և կուրորեն հետևում ենք մեր ավանդույթներին` շատ անգամ իմաստից և բովանդակությունից անտեղյակ: Եվ երբ ինչ-որ մեկը համարձակվում է խախտել անգամ փոքրիկ ավանդույթը, կոտրել ընդունված մի որևէ կարծրատիպ` դառնում է հանրության աչքի փուշը: Դու քո ազատ ապրելակերպով, հագուկապով և երկար մազերով հաճա՞խ ես կոնֆլիկտների պատճառ դարձել:

– Միշտ` որքան որ ինձ հիշում եմ: Հիմա արդեն շատ բան է փոխվել մարդկանց, հատկապես՝ երիտասարդների մտածելակերպի մեջ: Շատ ավելի բարդ էր ինձ համար փոքր ժամանակ` բակում, դպրոցում, ինչ-որ շրջան՝ նաև ուսանողական տարիներին: Բակում օրական տասն անգամ կռիվ էի անում հենց այդ պատճառով: Ծեծվում էի ու ծեծում: Մի օր հայրս ասաց, որ եթե այդպես շարունակեմ, ինձ տանկ է նվիրելու, որ տանկով իջնեմ բակ: Մեր երկրում շատ բան փոխվեց, երբ նշում էինք Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը. այդ օրերին մեր երկրում հյուրընկալվեցին բազմաթիվ օտարերկրացիներ, և մեր հասարակության գորշ անդամների աչքերը մի քիչ բացվեցին…

Arman Margaryan (1)

– Եվ տանկը քեզ պետք չեկավ…

– Նրանք եկան՝ իրենց երկար մազերով, սևից բացի, նաև այլ գույների հագուստով… Եվ պարզվեց, որ միայն այն չէ ճիշտը, ինչը մենք ենք համարում այդպիսին: Չէ՞ որ խնդիրը միայն հագուստի գույների և մազերի երկարության մեջ չէ: Խնդիրը մեր աշխարհայացքի, բարդույթավորված լինելու մեջ է: Իսկ արտաքին դրսևորումները միայն ներքինի արտացոլանքն են: Մեր երիտասարդներից շատերը մինչ օրս էլ ապրում են մանկուց եկած սուտ ախպերական-գողական՝ «ճիշտը մի հատ ա ըլնում, ախպերս», վիճակների մեջ:

Arman Margaryan (4)

– Դու և հայրդ արտաքնապես ասես ընկերներ լինեք, թվում է, թե հայրդ չի ծերանում: Իսկ ինչպիսի՞ն են ձեր հարաբերություններն իրականում:

– Մենք ոչ միայն արտաքնապես ենք նման ընկերների, այլև շփման մեջ: Դեռ մանկուց ավելի շատ ընկերներ ենք եղել, քան հայր ու որդի: Հիմա, ժամանակի ընթացքում մի քիչ փոխվել է այդ ընկերական վիճակը: Ես եմ փոխվել, իմ աշխարհայացքը: Կարող են լինել հարցեր, որ ընդհանրապես չհամաձայնենք: Նման պահերին որոշում ենք, որ ավելի լավ է՝ լռենք, թեման փակենք` ամեն մեկս մնանք մեր կարծիքին և խոսակցությունն իզուր վեճի չվերածենք:

Arman Margaryan (2)

– Ի՞նչ է քեզ տվել քո հայրը, ինչ դու որպես հայր՝ չես տվել քո որդուն: Եվ կա՞ մի բան, որ չես ստացել հորիցդ և որոշել ես անպատճառ տալ որդուդ:

– Բարդ է ասել: Տղաս դեռ փոքր է` 8 տարեկան: Տղայի համար շատ կարևոր շրջան է 10-17 տարեկանն ընկած հատվածը: Այդ ժամանակահատվածում շատ կարևոր է հոր դերը տղայի կյանքում: Կարծում եմ՝ իմ անելիքն ակնհայտ կդառնա հենց այդ տարիներին: Ինչ վերաբերում է հորս և ինձ, ապա ասեմ, որ մեր նմանությունը, թերևս, չափի զգացողության բացակայության մեջ է: Երկուսս էլ շատ էմոցիոնալ ենք և շատ անգամներ հենց խառնվածքի պատճառով, հնարավոր է, կորցնենք չափի զգացողությունը: Հայրս, հասկանալով, որ դա իր մոտ լավ չի ստացվում, ամբողջ կյանքում փորձել է ինձ չափի զգացողությանը տիրապետել սովորեցնել: Մարդկանց հետ շփման մեջ, էմոցիաների հարցում ամեն տեղ պետք է լինի չափի զգացողություն, ինչը պահպանելը շատ անգամ չի ստացվում ինձ մոտ:

Arman Margaryan (7)

– Կարծում ես՝ հնարավո՞ր է լինել լավ հայր` չապրելով երեխայի մոր հետ: Չե՞ս կարծում, որ, ամեն դեպքում, երեխայի հոգում ինչ-որ շատ կարևոր բան է կոտրվում, նույնիսկ, եթե նա չի բարձրաձայնում այդ մասին:

– Չէի ցանկանա խոսել այդ մասին, սակայն կան բազում օրինակներ, երբ, այո՛, կարելի է լինել լավ հայր` անգամ չապրելով երեխայի մոր հետ, քան՝ երբ ծնողները միասին են: Կարող է՝ հայրն ու մայրն ապրեն մի տանիքի տակ, բայց այնպիսի «ծնողներ» լինեն, որ երեխան ամբողջ կյանքում այդպես էլ չզգա թե՛ հոր, և թե՛ մոր սերն ու ջերմությունը:

– Իսկ դու միջամտո՞ւմ ես այն հարցում, թե ինչպես է երեխայիդ մայրը դաստիարակում Ձեր որդուն` Արնիին:

– Երեխան որոշ ժամանակ անցկացնում է ինձ հետ, որոշ ժամանակ` մոր հետ: Իհարկե, ընտանիքն ուրիշ է, բայց մեզ մոտ իրավիճակն այլ է: Ես ունեմ ընկերներ, որոնք հանուն երեխայի՝ շարունակում են ապրել մի տան մեջ, բայց արդեն վաղուց ամուսիններ չեն:

Arman Margaryan (3)

– Քո և Աննայի մոտ դա չստացվե՞ց: Դուք պատրաստ չէի՞ք այդ քայլին:

– Չեմ կարծում, թե դա ճիշտ քայլ է: Դա մազոխիզմ է ամուսիններից յուրաքանչյուրի համար: Որպես ի՞նչ: Միևնույն է, դա չի կարող երկար տևել: Ի վերջո, երեխաներն ամեն ինչ էլ շատ լավ զգում և հասկանում են:

Arman Margaryan (6)

– Դու քեզ համարում ես լա՞վ հայր:

– Ախր դա ևս հարաբերական է: Ի՞նչ ասել է՝ լավ հայր:

– Չի՞ եղել զգացողություն, որ դու որդուդ ինչ-որ բան կիսատ ես տալիս, քիչ ես նրա հետ խոսում, որ չես հասկանում նրան, որ նա չի հասկանում քեզ…

– Միշտ կա այդ զգացողությունը, միշտ: Տարօրինակ կլիներ, եթե չլիներ այն: Ուղղակի երեխաներն իրենց բնույթով շատ անշնորհակալ երևույթներ են:

– Դու ուզում ես, որ նա քեզ շնորհակա՞լ լինի:

– Չէ, ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի:

– Իսկ դու շնորհակա՞լ երեխա ես:

– Աշխատում եմ լինել շնորհակալ:

– Մի շրջան ապրում և աշխատում էիր Մոսկվայում: Այդ ժամանակահատվածում տված հարցազրույցներիցդ մեկում նշել էիր, որ Մոսկվան շատ անկանխատեսելի քաղաք է: Այնտեղ հնարավոր է՝ հանկարծ դառնաս օլիգարխ կամ էլ ուղղակի որոշես ու անմիջապես վերադառնաս Հայաստան, ինչը, դու նշում էիր, որ ցանկալի չէ: Ի՞նչը պատճառ դարձավ, որ անցանկալին իրականացվեց, և դու կրկին Երևանում ես:

Arman Margaryan (5)

– Բոլորիս մոտ լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ լավ է, հոյակապ, սակայն մի օր արթնանում և հասկանում ես, որ ինչ-որ կարևոր բան պակասում է, ինչ-որ բան այն չես անում: Ես կարող էի էլի երկար տարիներ մնալ Մոսկվայում: Բայց մի օր նստեցի ու մտածեցի, որ իմ տղան արդեն 7 տարեկան է, իսկ ես նրան տեսնում եմ տարվա մեջ մեկ-երկու ամիս: Այդպես երկար չէր կարող շարունակվել: Երեխային ինձ մոտ՝ Մոսկվա բերելն անմիտ քայլ կլիներ: Այստեղ նրա մայրն է, հարազատները, բարեկամները, ընկերները… Եվ ես վերադարձա: Ես Մոսկվայից չեմ փախել, ոչինչ կիսատ չեմ թողել-եկել: Ցանկության դեպքում կարող եմ վերադառնալ:

– Նույն հարցազրույցում նշում էիր, որ հայկական հեռուստաալիքները դարձել են խանութներ, և որ ապրանքը հեշտ ու շատ է վաճառվում՝ դա էլ ցուցադրում են: Այսօր, սակայն, դու Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում ես աշխատում:

– Հայաստան վերադառնալուն պես գրեթե բոլոր հեռուստաալիքներից միաժամանակ աշխատանքի առաջարկներ եմ ստացել: Ընտրել եմ Հանրայինը, քանի որ շնորհիվ նոր օրենքի՝ այդ հեռուստաալիքն ապրանք վաճառելու գլխացավից ազատվել է: Եթե հետևում եք «Հանրայինին», ապա ակնհայտ է տարբերությունը` բարձրացել է թե՛ հաղորդումների և թե՛ ցուցադրվող ֆիլմերի որակն ու բովանդակությունը: «Հանրայինն» այսօր չունի խնդիր՝ ինչ-որ բան վաճառելու, վարկանիշ բարձրացնելու: «Հանրայինը» միայն հանրային լինելու և որակ ապահովելու խնդիր ունի, և դա նրա մոտ ստացվում է:

– Քո նշած առավելություններով հանդերձ, եթե քեզ մեկ այլ հայկական հեռուստաալիք ավելի բարձր աշխատավարձով համագործակցության պայմանագիր առաջարկի`կընդունե՞ս այն: Մյուս հեռուստաընկերությունները դեռ գովազդով են ապրում և խնդիր ունեն ապրանք վաճառելու:

– Քանի դեռ պայմանագիր ունեմ «Հանրայինի» հետ, ոչ մի տեղ չեմ գնա:

– Գեղեցիկ կանայք, անգամ՝ ոչ այդպիսիք, եթե հանկարծ սկսում են հավատալ, որ չափազանց գեղեցիկ են` ինքնասիրահարվում են: Ի՞նչ է կատարվում տղամարդու հետ նման դեպքերում: Ինչպիսի՞ն է դառնում տղամարդը, երբ դեռ մանկուց հիացական հայացքներ է զգում իր գեղեցիկ արտաքինի հանդեպ:

– Ես տարբեր եմ, բայց հաստատ Նարցիս չեմ: Հայելու մեջ ինձ նայում եմ միայն եթերից առաջ: Որոշ մարդիկ կարող է կարծեն, թե կենտրոնացած եմ արտաքինիս վրա, սակայն դա անհիմն կարծիք է: Ինչ վերաբերում է բնավորությանս` ասեմ, որ հարկ եղած պահին բարի եմ և հանդուրժող: Լինում են պահեր, երբ ուղղակի անտանելի եմ: Մարդ եմ` բոլորի պես:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս