Մարքսիստ Դավիթ Հակոբյանը` Արամ MP3-ին. Միմիայն հաղթանակ
«Ո´չ, ես հիմարություններով չեմ զբաղվում, մանավանդ, երբ ազգը ներկայացնողը օտար լեզվով է բարբաջում»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք դիտո՞ւմ է «Եվրատեսիլ» մրցույթը:
Հանրապետության գլխավոր մարքսիստն ասաց, թե իրեն բացարձակապես չի հետաքրքրում, թե ով այսօր կհաղթի «Եվրատեսիլի» եզրափակիչում, քանի որ երգերը հայերեն չեն. «Սիրով կհետաքրքրվեի, եթե հայկական երգը մատուցվեր այնպես, ինչպես Կոմիտասն էր մատուցում հայկական երաժշտությունը, և Դեբյուսին ծնկաչոք բարձրացավ Օլիմպիայի դահլիճ 1918 թվականին, և ոչ թե հայը ներկայացնում է անգլո-սաքսոնական երգի մշակույթ»:
Այդուհանդերձ, Դավիթ Հակոբյանը դրական խոսքեր ասաց այս օրերին Դանիայի մայրաքաղաքում շարունակվող մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի` Արամ Սարգսյանի հասցեին:
«Ինձ բախտ է վիճակվել Արամ MP3-ին հանդիպելու «Երկու աստղ» ստեղծագործական մրցաշարում, և ես նրա մասին մեծ կարծիք ունեմ, դրական կարծիք: Երգի ստեղծագործական և կատարողական առումով պոտենցիալ ներկայացնող և երգարվեստը մատուցող մեծ կարողությունների տեր անձնավորություն է, բայց, կարծում եմ, դեռ շատ ու շատ պետք է մշակի իր երգարվեստի կարողությունները: Այդուհանդերձ, իսկապես վաղը մենք կարող ենք ունենալ մեր հպարտություններից մեկը: Ես նրա մասին արտահայտվում եմ դրական, հատկապես, որ մենք պարտավոր ենք ոգևորել և թևավորել մեր երիտասարդությանը` իրենց բոլոր նվաճումների համար: Այնպես որ, իմ դիտողությունը զուտ ազգային հոգեկերտվածքի հրաբուխ համարեք: Բոլոր դրական ատրիբուտներով հանդերձ` ես նրան մաղթում եմ հաջողություններ և պարտադիր հաղթանակ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Մեր հարցին, թե, իր կարծիքով՝ կհաղթի՞ Արամ MP3-ն, գլխավոր մարքսիստը պատասխանեց. «Կարծում եմ, համենայն դեպս, առաջին երեք բարձր տեղերից մեկը պարտադիր կնվաճի: Դրա համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Միմիայն հաղթանակ: Եվրոպացիների խիղճը հայերիս նկատմամբ այս անգամ գոնե կզարթնի»: