«Ամեն ինչն է թանկացել, հացը ինչի պետք է նույն գնին մնա՞ր» (տեսանյութ)

Վանաձորում մոտ մեկ շաբաթ է՝ հացի գինը թանկացել է: Վաճառողներն ասում են, որ չգիտեն, թե ինչո՞վ է պայմանավորված հացի գնի թանկացումը: Ըստ նրանց ենթադրությունների՝ դա կարող էր գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքը լինել:

Քաղաքում հացի գինը համատարած բարձրացել է 20-30 դրամով, միայն երկու-երեք կրպակում է, որ 10 դրամով է թանկացել: Հարցվածների մեծ մասը հերքում է այն, որ որևէ սննդամթերք թանկացել է: Իսկ հարցին՝ մի՞թե իրենք չգիտեն, որ հացը թանկացել է՝ պատասխանում են, որ գիտեն և «դա վաղուց պետք է տեղի ունենար, քանի որ ամեն ինչն է թանկացել, հացը ինչի պետք է նույն գնին մնա՞ր»: Շատերն էլ ասում են, թե իրենք իսկապես տեղյակ չեն փոխվե՞լ է հացի գինը, թե՞ նույնն է մնացել:
Խանութներից մեկի վաճառողուհի Տատյանան մեզ հետ զրույցում պատասխանեց, որ իրենք մի քանի փռերից են հաց ստանում, և դրանցից ոչ մեկը չի հիմնավորում թանկացումը:

Մեկ այլ վաճառողուհի ասաց, որ ալյուրի գինը էժանացել է, և այս պարագայում ինքը դժվարանում է ասել, թե ո՞րն է թանկացման իրական պատճառը. «Բայց մենակ հացը չի թանկացել: Օրինակ, կաթնամթերքն ա թանկացել, ծխախոտը, որոշ խմիչքներ էլ են թանկացել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս