Վերջին 6 ամսում PKK-ականները Թուրքիայում իրենց հետ լեռներ են տարել 331 դեռահասի. զեկույց
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ անվտանգության գլխավոր ծառայության հետախուզական բաժանմունքը զեկույց է պատրաստել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից առևանգված երեխաների մասին:
Զեկույցի համաձայն, PKK-ի զինյալները վերջին 6 ամսում երկրի հարավ-արևելյան նահանգներում առևանգել են 317 երեխայի և իրենց հետ տարել լեռները: Այս տարվա ապրիլի 23-ին նրանց է միացել ևս 14 երեխա, որով և լեռներ տարված դեռահասների քանակը հասել է 331-ի:
Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ, լեռներում գտնվող անչափահասների քանակը կազմում է 8000 մարդ: Խոսքը գնում է 14-17 տարեկանների մասին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին (2008-2010) պետ Իլքեր Բաշբուղի հովանավորությամբ անցկացվել է 461 PKK-ականների տվյալների հետազոտություն: Ըստ դրա՝ լեռներում բազավորված PKK-ին միացողները դրանից հետո ապրում են միջինը 7.2 տարի, ընդ որում՝ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է 6.9 տարի, իսկ կանանց դեպքում՝ 9.5 տարի։
PKK-ականները մահանում են միջինը 26.3 տարեկանում։ Ապագա PKK-ականները լեռներն են բարձրանում 15-17 տարեկանում. 15 տարեկանում միանում են հիմնականում նրանք, ում ավագ եղբորը կամ քրոջը սպանել են։ Իսկ 17 տարեկանում PKK-ին միանում են հիմնականում քարոզչական աշխատանքների արդյունքում նրա ազդեցության տակ ընկածները։