Նաիրա Զոհրաբյան. Այդ հաղթանակը միանշանակ գնահատելի է
1945 թ. մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առթիվ այսօր «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին, ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ և շարքային քաղաքացիներ, այլևև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Մասնավորապես, անմար կրակի մոտ ծաղկեպսակ դրեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, թեև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նրանց հետ չէր:
Լրագրողների հետ զրույցում օրվա խորհրդին անդրադարձավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում կարծիքով` ներկայումս շատ են փորձում վերագնահատել, վերաարժևորել Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի նշանակությունը, սակայն այդ խնդրին պետք նայել այն տեսանկյունից, որ այդ պատերազմին մասնակցել և զոհվել են հարյուր հազարավոր հայորդիներ:
«Այդ հաղթանակը միանշանակ գնահատելի է, քանի դեռ մենք բոլորս հիշում ենք, գալիս ենք այստեղ և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում անհայտ զինվորներին, մեր հայրենակիցներին, ովքեր զոհվել են հայրենիքի, հաղթանակի համար: Նրանք հիշվելու են հանուն հաղթանակի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի վերջին սկանդալային հայտարարության մասին:
Ի պատասխան` Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այո´, ես վստահաբար կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա հասարակական կազմակերպություն, որը գործում է օրենքից դուրս: Գուցե Ռուսաստանում կա, ես տեղյակ չեմ: Եվ ես ընդհանրապես այն տեսակետին եմ, որ յուրաքանչյուր դեսպան, անկախ նրանից` որ երկիրն է ներկայացնում, լինի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրամիություն, պիտի գործի դիվանագիտական կոդեքսի շրջանակներում: Ինձ համար նույնքան անընդունելի են, մասնավորապես, ԱՄՆ-ի դեսպանի խիստ ակտիվ մասնակցությունը, ասենք, պարտադիր կուտակային համակարգի լոբբիզմին»:
Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի մեկ այլ ամերիկյան դիգանագետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ առաջարկած կետերին, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ նոր է վերադարձել Հայաստան և դեռ չի հասցրել ծանոթանալ դրանց: