
Բելառուսը չի խոչընդոտի Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրմանը. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ Մինսկը չի արգելափակելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը, որը պլանավորված է մայիսի 29-ին Աստանայում:
Լուկաշենկոն հավելել է, որ եթե իրենք չեն կարողանում մեծ քայլ կատարել, ապա նշանակում է, որ իրենք շարժվելու են փոքր քայլերով: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամնանակ հաջողվել է հարթել բոլոր խնդիրները.
«Ռուսաստանի Դաշնությունը զիջումների է գնացել մեզ, և մենք հարկադրված ենք զիջել, թեև մի շարք հարցերում դա շատ բարդ է: Մենք պայմանավորվել ենք նավթամթերքի մաքսատուրքերի նվազեցման շուրջ, և հաջորդ տարի մաքսատուրքերի կեսը, որոնք փոխանցվում են Ռուսաստանին, կմնա Բելառուսի բյուջեում:
Խոսքը գնում է մոտ 1.5 միլիարդ դոլարի մասին: 2016 թվաանից մենք կվերադառնանք այդ հարցին և երկու տարում կվերացնենք այդ տուրքերը, և առևտուր կանենք քաղաքակիրթ ձևով: Բելառուսը մայիսին Ռուսաստանից կստանա 2 միլիարդ դոլար:
Այս տարվա հունվարին էլ Ռուսաստանը Բելառուսին փոխանցել է 450 միլիոն դոլար: Ընթացիկ տարում մենք Ռուսաստանից կստանանք 2.5 միլիարդ դոլար, մեզ համար դա բավական է, որպեսզի պահպանենք մեր տնտեսությունը»: