Թուրքիան աջակցում է Մոլդովայի տարածքային ամբողջականությանն ու եվրոպական կուրսին. Ջեմիլ Չիչեք
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը երեկ Քիշնևում հանդիպել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ: Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ Չիչեքը հայտարարել է, որ Թուրքան աջակցում է Մոլդովայի եվրոպական ձգտումներին և կարծում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը օգտակար կլինի Մոլդովայի բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև գագաուզների համար: Չիչեքը նաև Մոլդովային կոչ է արել ակտիվացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ ազգային անվտանգության ամրապնդման համար:
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանի հետ հանդիպման ժամանակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ Գագաուզիան հանդիսանում է Մոլդովայի Հանրապետության անքակտելի մասը, և տեղի իշխանությունները պետք է փոխգործակցեն կենտրոնական իշխանությունների հետ և իրականացնեն համատեղ նախագծեր:
Չիչեքի խոսքերով՝ Թուրքիան բաց է համագործակցության համար, աջակցում է Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, նրա եվրոպական ուղղվածությանը, հանդես է գալիս Մոլդովայի քաղաքական միասնության օգտին:
Նշվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Անկարայում Նիկոլայ Տիմոֆտիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ Մոլդովայի Հանրապետության բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև գագաուզները կշահեն ԵՄ-ին ինտեգրվելուց: Դա առաջացրել էր գագաուզների խոր դժգոհությունը:
Վերջերս Գագաուզիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով մասնակիցների 98.09 տոկոսը կողմ է քվեարկել Գագաուզիայի անկախության, իսկ 98.47 տոկոսը՝ Մաքսային միությանն անդամակցելու օգտին: