Տուրչինովն ու Յացենյուկը նախաձեռնում են համաուկրաինական «կլոր սեղաններ»
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարությունը նախաձեռնում է ազգային միասնության համաուկրաինական «կլոր սեղաններ»՝ բոլոր շրջանների քաղաքական բոլոր ուժերի, հասարակության ներկայացուցիչների ու գիտնականների մասնակցությամբ:
Այդ մասին նշված է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի տարածած համատեղ հայտարարությունում: Դրանում նրանք ընդգծել են, որ պատրաստ են լեգիտիմ քաղաքական նպատակներ հետապնդողների հետ քննարկումներին, ինչը չի կարելի ասել նրանց պարագայում, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ:
Հայտարարության մեջ այժմեական հարցերի թվում նշվել են իշխանության ապակենտրոնացումը, տեղական ինքնակառավարման բարեփոխումը, իշխանական ճյուղերի միջև հավասարակշռության պահպանումը, ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու մասին ընդլայնված երաշխիքների ապահովումը, պետության ու հասարակության փոխհարաբերությունների բարեփոխումը՝ ներառյալ դատական ու իրավապահ համակարգի բարեփոխումը: