
Օբաման Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացրել Վիետնամի հետ «միջուկային» համաձայնագիրը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Կոնգրեսի դիտարկմանն է ուղարկել խաղաղ ատոմի շուրջ Վիետնամի հետ համաձայնագիրը: Պայմանագիրը կարող է Վիետնամ ամերիկյան արտահանումը մեծացնել 20 միլիարդ դոլարով:
Սակայն մարդու իրավունքների ու միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ օրենսդիրների մտահոգությունները կարող են խանգարել Կոնգրեսում համաձայնագրի անցմանը:
Պայմանագրով ԱՄՆ-ը պարտավորվում է Վիետնամում կառուցել միջուկային ռեակտորներ և նրան փոխանցել խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտի տեխնոլոգիաներ: Ներկա դրությամբ Վիետնամը կարիք ունի էներգիայի հավելյալ աղբյուրների՝ աճող տնտեսության կարիքներն ապահովելու համար:
ԱՄՆ-ի ու Վիետնամի հարաբերությունները զգալիորեն բարելավել են 1995 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: