
ԱՄՆ-ը մտադիր է հասնել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը. Ջոն Քերի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է հասնել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը: Այս մասին Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ը նախկինի պես միտված է բանակցությունների միջոցով խնդրի քաղաքական կարգավորմանը, ինչը հնարավորություն կտա վերջ դնել բռնություններին և վերջին հաշվով կհանգեցնի Սիրիայի ժողովրդի կարիքներին համապատասխանող կառավարության ձևավորմանը:
Քերին զրուցակցին հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է սիրիական ընդդիմությանը հատկացնել հավելյալ 27 միլիոն դոլար, այդ թվում նաև «ոչ մահաբեր» օգնություն ապստամբ ջոկատներին: Դրանով իսկ Սիրիայի չափավոր ընդդիմությանն ԱՄՆ-ի կողմից հատկացված օգնության ընդհանուր ծավալը կհասնի մոտ 287 միլիոն դոլարի:
Բացի այդ, Օբամայի վարչակազմը որոշել է բարձրացնել սիրիական ընդդիմության վաշինգտոնյան գրասենյակի կարգավիճակը: