Բաժիններ՝

Հպա՞րտ ես, որ հարկատու ես

Պարզվում է, որ հարկ վճարելը Հայաստանում առաքինություն չի համարվում: Այս մասին վկայում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքները: Դրանց համաձայն՝ հարցվածների միայն 35.4 տոկոսն է հպարտ եղել, որ հարկատու է, քանի որ դրանով նպաստում է հանրային խնդիրների լուծմանը (10 տոկոս), կամ կատարում է իր քաղաքացիական պարտքը (25.4 տոկոս): Մինչդեռ, 58.3 տոկոսը հարկատու լինելու հպարտությունը չունեն, քանի որ հարկերը չեն ծառայում իրենց նպատակին (18.5 տոկոս) կամ էլ պարզ չէ, թե ինչ նպատակի են ծառայում (39.8 տոկոս):

Հարցվածներից յուրաքանչյուր չորրորդը կարծում է, որ հնարավորության դեպքում մարդիկ կշրջանցեն (կթաքցնեն) հարկերը, թեև յուրաքանչյուր երկրորդը դա համարում է բոլորովին չարդարացված (տես աղյուսակներ 1.8 և 1.9): Ամեն չորրորդ հարցվողը պատրաստակամություն է հայտնել ավելի շատ հարկ վճարելու, եթե հարկային համակարգը ավելի վստահելի լինի։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ՀՀ հարկատուները վստահում են Լաֆերի կորի գաղափարին, ըստ որի հարկային բեռի իջեցումը կարող է մեծացնել պետական բյուջե հավաքագրվող գումարները։ Այս տեսակետին հավատում է հարցվածների 76 տոկոսը: Նշենք նաև, որ հարկերը իջեցնելու պարագայում կառավարության հետ համագործակցելու և հարկերը թաքցնելուց զերծ մնալու պատրաստակամություն են հայտնել հարցվածների 77 տոկոսը կամ չորս անգամ ավելի նրանցից, ովքեր այդպես չեն վարվի։

Պարզվել է նաև, որ արդար հասարակություն ունենալը շատ ավելի կարևոր է մարդկանց համար, քան հարկերն ինքնին. հարցվածների 89.5 տոկոսը լիովին կամ մասամբ համամիտ են այն տեսակետին, որ «Եթե մարդիկ հավատան, որ հարկերն արդար են, նրանք միշտ պատրաստակամ կլինեն վճարել դրանք»: Հարցվածների 74.2 տոկոսը համամիտ է, որ ավելի շատ հարկեր վճարելու պատրաստամությունը բարձր կլինի նաև ավելի քիչ կոռուպցիայի դեպքում։

Հետազոտության ամենաանսպասելի արդյունքներից մեկը եղել է այն, որ հարցվածների 43.4 տոկոսը համաձայն է, որ հարկային օրենսդրության պահանջների խախտում տեսնելիս ճիշտ կլինի այդ մասին տեղյակ պահել հարկային մարմիններին, որպեսզի հարկերը թաքցնողների նկատմամբ կիրառվի պատասխանատվություն: Հարկային տերմինաբանության մեջ հարկերը թաքցնողների մասին հարկային մարմնին տեղեկություն հայտնողներին անվանում են «սուլողներ»: «Սուլողների» նկատմամբ այսպիսի «հանդուրժողական-բարեհաճ» ընկալման մակարդակը, ըստ հետազոտության հեղինակների, նորություն է, որ բնորոշում է «հարկման հորիզոնական արդարության» կարևորության ընկալումը:

Հետազոտության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս