Մեղրու բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի 2015-ին

Մեղրու տարածաշրջանի մի խումբ բնակիչներից ստացված հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին։

Մեղրու և Ագարակի միջև ընկած հատվածում` երկու քաղաքների բնակչության համար մատչելի վայրում կառուցվող կենտրոնը կհագեցվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով։

Նորակառույց շենքում կմիավորվեն այժմյան Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի ստացիոնար բոլոր ծառայությունները, որոնք ներկայումս տրամադրվում են Մեղրու բժշկական կենտրոնում և Ագարակի հիվանդանոցում` երկու քաղաքների բնակիչների համար ստեղծելով ծառայությունների մատչելիության անհավասար պայմաններ։

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1172 որոշմամբ նախատեսվել էր Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի համար կառուցել նոր շենք մինչև 2012 թվականի ավարտը: Սակայն պարտադիր ընթացակարգերի ապահովումն այդ հնարավորությունը չընձեռեց։

Նոր հիվանդանոցի կառուցման համար Մեղրու քաղաքապետարանը հողատարածք է հատկացրել 2010 թվականի հուլիսի 15-ին: Բժշկական կենտրոնի նախագծման պայմանագիրը կնքվել է 2011 թվականի օգոստոսի 30-ին, իսկ նախագծման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի օգոստոսին:

Մշակվել է նաև շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցը և բժշկական կենտրոնի շահագործման բնապահպանական կառավարման պլանը, որի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 6-ին կազմակերպվել են հանրային լսումներ:

Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան` 2012 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Սակայն հաղթող չի ճանաչվել` նախահաշվային գնից գնառաջարկների առնվազն 60%-ով բարձր լինելու պատճառով:

Համաշխարհային բանկի ընթակարգերով նախատեսված միջոցառումներն ապահովելուց հետո 2013 թվականի ապրիլի 11-ին հայտարարվել է կապալառու կազմակերպության ընտրության միջազգային նոր մրցույթ, և 2013 թվականի օգոստոսի 6-ին Համաշխարհային բանկի ընթացակարգերին համաձայն, ընտրված կապալառու «Պառեքս–գազ» ՍՊԸ հետ կնքվել է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր: Պայմանագրի ավարտ է նախատեսված 2015 թվականի երկրորդ կիսամյակը:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս